հրեա, երրորդը՝ ռուս զինվորական— բոլորն էլ շտապող և վերին աստիճանի անտարբեր։ Հիվանդի վիճակը մի առ մի քննելուց հետո չորս բժիշկները նստած էին սեղանի շուրջը և խորհրդակցում էին, որի ժամանակ երկուսը ծխում էին, մեկը մատիտով զանազան նկարներ էր գծում սեղանի վրա ընկած լրագրի լուսանցքների վրա և շուտ-շուտ հորանջում էր, մյուսը, զինվորականը, երկու ձեռքով ոլորում էր բեղի ծայրերը, ներքին շրթունքով բարձրացնում էր վերին շրթունքը և ցած նայելով աշխատում էր ինքն իր աչքով տեսնել իր բեղը։ Նրանք խոսում էին կես-ռուսերեն, կես-գերմաներեն, կիսատ-պռատ նախադասություններով՝ համեմված լատինական տերմիններով։ Հաճախ դիմում էին Հեղինեին զանազան հարցումներով, որոնց նա պատասխանում էր գերմաներեն, երևի նրա համար, որ Մանեն ոչինչ չհասկանա։
Եվ Մանեն, հիրավի, բոլորովին ոչինչ չէր հասկանում բժշկական այդ խոսակցությունից, չնայելով որ լարել էր իր ամբողջ լսողությունը և աշխատում էր ոչ մի բառ չթռցնել ականջից։ Հեռու նստած, նա միանգամայն ապշած էր մնացել, թե ինչպես այդ մարդիկ կարողանում էին այդ աստիճան անտարբեր լինել, նույնիսկ ծխել և հորանջել այն միջոցին, երբ զբաղված էին իրենց նման մի մարդու կյանքի և մահվան խնդիրը որոշելով։ Եվ այդ մարդը հեռու չէր. նա այնտեղ էր, նրանց կողքին, հարևան սենյակում, որի կիսաբաց դռնից լսվում էին նրա չարագուշակ հազի ձայները։
Խորհրդակցությունը երկար չտևեց, և երբ բժիշկները գնացին, Մանեն վրա ընկավ ընկերուհու ձեռքերին և հարցրեց տենդային անհամբերությամբ.
— Ին՞չ որոշեցին...
Հեղինեն, շփոթված, աշխատեց խլել իր ձեռքերը, բայց Մանեն ավելի պինդ բռնեց։
— Ասա՛, մի՛ թաքցնիր։