Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է

— Նրանք ոչինչ չեն հասկանում,— զայրացած բացականչեց Հեղինեն։— Որոշեցին, թե... Ես կհաստատեմ, որ նրանք ոչինչ չեն հասկանում, ոչինչ...

Մանեի ձեռքերը հանկարծ թուլացան. նա ինքն ամբողջապես կարծես փալաս կտրվեց և կամաց, երերուն քայլերով գնաց նստեց աթոռի վրա։ Նա այլևս ոչինչ չհարցրեց։ Եվ ի՞նչ հարկ կար։ Ամեն ինչ այժմ պարզ էր։ Այլևս ոչ մի կասկած, ոչ մի տարակուսանք, հետևաբար և ոչ մի հույս։ Վարագույրն այժմ բաց էր, և այն, ինչ որ նա մինչև այժմ տեսնում էր այդ վարագույրի հետևը միայն անորոշ գծերով, այժմ միանգամից ներկայացավ նրան իր ամբողջ պարզությամբ։

Հեղինեն հուզված անցուդարձ էր անում սենյակում փոքրիկ արագ քայլերով և բերնից դուրս թռցրած կցկտուր բառերով կրկնում էր, թե բժիշկները ոչինչ չհասկացան, թե բոլորի քունն էլ տանում էր, թե ամենքն էլ շտապում էին, որ շուտով գնան քնեն։

Մանեն քարացած խոշոր աչքերով նայում էր ընկերուհուն, մտածում էր, թե ինչպե՞ս է, որ այնքան ծանր պենսնեն չի ընկնում նրա փոքրիկ քթից և, նրան լսելու տեղ, ականջ էր դնում հիվանդի սենյակից լսվող չոր հազի ձայներին, որոնք խուլ արձագանք էին տալիս մեջ-գիշերային անդորրության մեջ։ Այժմ ավելի պարզ ու որոշակի, քան այնտեղ հիվանդի սենյակում, նրա առջև պատկերանում էին Բադամյանի փակ աչքերը, որոնք կիսախավարի մեջ թվում էին թե փակ չեն, այլ բաց ու դատարկ՝ անդունդի նման մութ ու խոր խոռոչներով, որոնց միջից այժմ նայում էր ինքը մահը։

Օդը ծանր էր և խաղաղ։ Ժամանակն անցնում էր Մանեի համար ինչ-որ սարսափելի սպասողության մեջ, բայց նա հանգիստ էր և ոչ մի բանից չէր վախենում։ Նրան նորից տիրել էր միտքն ու զգացումները թմրեցնող այն անդորրությունը, որի մեջ մարդ ապրում է մի տեսակ վերասլաց