Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/512

Այս էջը հաստատված է

կյանքով, առանց զգալու իր ֆիզիկական գոյության ծանրությունը։

Մի կառք, դղրդացնելով խաղաղ փողոցը, մոտեցավ և կանգ առավ պատուհանի տակ։ Հեղինեն մոտեցավ պատուհանին և նայեց ներքև։ Մանեն անտարբեր հետաքրքրությամբ նայեց նրա հաստ մեջքին։

— Կարծեմ եղբայրդ է, Մանե,— խիստ անհանգստացած, շշնջաց Հեղինեն, շտապով հեռանալով պատուհանից։

Մանեն նստած էր արձանի պես։ Նրա դեմքի վրա ոչ մի գիծ չշարժվեց։

Վահանը մտավ իր լայն և հուժկու քայլերով։ Սանդուղքներից բարձրանալուց քրտնել և հեթեթում էր սաստիկ։ Քրոջը տեսնելուն պես կանգ առավ ակամա։ Պարզ երևում էր, որ եկել էր քրոջ հետևից, բայց Մանեի դեմքը լավ դիտելուց հետո ոչ մի խոսք չասաց այդ մասին և դարձավ Հեղինեին.

— Անցնում էի այսպես. ասացի մեկ մտնեմ տեսնեմ ինչպես է Բադամյանը,— ասաց նա, ինքն էլ զգալով, որ շատ անշնորհք պատրվակ է առաջ բերում իր անժամանակ այցելության իսկական նպատակը քրոջից ծածկելու համար։— Կարո՞ղ եմ տեսնել նրան։

Հեղինեն իսկույն հասկացավ նրա մանևրը և նրան ներս տարավ հիվանդի սենյակը։

— Դուք Մանեի համար եք եկել, չէ՞,— հարցրեց նա։

— Այո։

— Գիտեի՞ք, որ այստեղ է։

— Համոզված էի, որ այստեղ կլինի։

— Իսկ Սանթրոսյա՞նը։

— Ես քնած էի, որ նա եկավ ինձ մոտ հյուրանոց, զարթեցրեց և ասաց, որ Մանեն տանը չէ և չի հայտնել, թե ուր է գնացել։ Կարծում էր, թե ինձ մոտ կլինի։ Չծածկեցի, ասացի, որ այստեղ կլինի։

— Ի՜նչ եք ասում,— շշնջաց Հեղինեն սարսափած։