Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

— Վնաս չունի։ Խաբելն ավելի վատ կլիներ։ Բադամյանը նրա ազգականն է և մի տեսակ տանու մարդ էր, այնպես որ Սանթրոսյանը ուրիշ բան կասկածել չի կարող: Եվ տեսա, որ չկասկածեց և նույնիսկ չզարմացավ, որ ասացի, թե Մանեն այստեղ կարող է լինել։ Ուզում էր մինչև անգամ ինձ հետ գալ ի դեպ հիվանդին էլ տեսնելու, բայց չթողեցի։ Որ նա երբեք էլ ոչինչ չի կասկածիլ— դրան ես համոզված եմ։ Ցավն այս է, որ Մանեն ինքը չմատնի իրեն։ Այս րոպեին որ նայեցի նրա աչքերին, վախեցա։ Նա ընդունակ է ամեն բան անելու։

— Ես էլ այդ սարսափի մեջ եմ և մինչև այժմ չկարողացա համոզել, որ գնա։ Գիտե՞ք ինչ ասաց ինձ. ասաց, որ ամեն բան ինքը կհայտնի ամուսնուն։

— Ես հավատում եմ, որ այդպես էլ կանի։

— Բայց դա սարսափելի բան կլինի։ Ի սեր աստծո, այնպես արեք, որ այդ հիմարությունը չանի, և տարեք, տարեք նրան շուտով։ Մի քիչ առաջ չորս բժիշկ կար այստեղ։ Կոնսիլիում ունեին։ Միաձայն վճռեցին, որ ոչ մի հույս չկա։

— Մեզ չի՞ լսում արդյոք,— կամաց հարցրեց Վահանը, ակնարկելով հիվանդի կողմը։

— Սա՞... Սրա բանն արդեն վերջացած է։ Բժիշկներն ասացին, որ այս գիշեր հազիվ թե լուսացնի։ Եվ Մանեն այդ շատ լավ գիտե, թեև ես աշխատեցի ծածկել նրանից բժիշկների ասածը։

Վահանը ոտների ծայրերի վրա մոտեցավ հոգեվարքի մահճակալին, կարճ ժամանակ դիտեց Բաղամյանի արդեն մահվան դեղնությամբ պատած դեմքը և, ճնշված մոտալուտ մահվան պատճառած ծանր զգացման տակ, կամաց դուրս գնաց քրոջ մոտ։

Հեղինեն հետևեց նրան։