Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

Մանեն նստած էր նույն դրության մեջ, ինչպես որ թողել էին նրան Վահանն ու Հեղինեն հիվանդի սենյակը մտնելիս։

— Մանե, ես գնում եմ,— ասաց Վահանը։— Կգա՞ս տանեմ քեզ ձեր տուն։

Մանեն նայեց եղբորն այնպիսի հայացքով, որից երևում էր, որ չհասկացավ, թե ինչ ասաց Վահանը։ Ըստ երևույթին, նա տարված էր մի չափազանց խոր մտքով, որը դեռևս զբաղեցնում էր նրան։

— Վեր կաց, սիրելիս, վեր կաց գնա,— ասաց Հեղինեն այնպես, ինչպես խոսում են երեխայի հետ։— Վաղն առավոտյան ես քեզ տեղեկություն կտամ։ Այս գիշեր կրիզիս է, և ես հաստատ համոզված եմ, որ վաղը լավ կլինի։ Վեր կաց, արդեն շատ ուշ է։

Մանեն վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, լուսնոտի պես հետևեց եղբորը։ Նրա հայացքը շարունակ հառած էր իր առաջ մի անորոշ կետի, ուր կարծես հոգի ու մարմին էր առել նրան զբաղեցնող միտքը և հիպնոսացրած՝ գերեվարում էր նրան դեպի մի խորհրդավոր աշխարհ, որը, սակայն, իր խորհրդավորությամբ ամենևին չէր վախեցնում, այլ նույնիսկ գրավում էր նրան...

-------------

Սանթրոսյանը ըստ երևույթին հանգիստ, պարապում էր իր առանձնասենյակում, երբ կինն ու նրա եղբայրը ներս մտան։ Ամուսինը գլուխը բարձրացրեց գրասեղանի վրայից, նայեց կնոջը և իսկույն վեր կացավ վախեցած։

Մանեն կանգնած էր նրա առաջ չափազանց գունատ և աչքերը վայր թողած։ Գրասեղանի վրա դրված լամպի կապույտ լուսամփոփը մեռելային փայլ էր տալիս նրա դեմքին։

— Ի՞նչ է պատահել քեզ. հիվա՞նդ ես,— հարցրեց ամուսինը։

— Բան չկա,— մեջ ընկավ Վահանը։— Բադամյանի