Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/515

Այս էջը հաստատված է

դրությունը մի քիչ ազդել է, կանցնի։ Գնա, սիրելիս, գնա հանգստացիր,— ասաց նա քրոջը:

Մանեն կամաց հեռացրեց եղբոր ձեռքը և տեղից չշարժվեց։

— Մանե՛, դու ինձ վախեցնում ես,— բացականչեց Սանթրոսյանը։

— Լսիր,— ասաց Մանեն կարծես գերեզմանի միջից։— Նա մեռնում է... թերևս արդեն մեռած է... Իսկ ես... սիրում եմ նրան... սիրում էի նրան...

19

Գիշերվա ժամը երեքին մոտ էր։

Սանթրոսյանը դեռևս նստած էր մենակ իր առանձնասենյակում և իզուր աշխատում էր խելքը գլուխը ժողովել։ Նա լավ չէր հիշում, թե ինչ պատահեց կնոջ խոստովանությունից հետո. կարծես հանկարծ շշմեցրել էին նրան գլխին իջեցրած դագանակի այնպիսի մի զորեղ հարվածով, որից մինչև այժմ էլ չէր կարողանում ուշքի գալ։ Մութ կերպով միայն հիշում էր, որ Վահանը քրոջը ներս տարավ ննջարան, որը գտնվում էր հենց առանձնասենյակին կից, հետո դուրս եկավ այնտեղից և ինչ-որ բաներ էր ասում, իսկ ինքը կանգնած էր ապուշի պես և ոչինչ չէր հասկանում նրա ասածներից։ Հետո մտավ մայրը գիշերվա զգեստով և քնաթաթախ և նույնպես ինչ-որ բաներ ասաց, որից նույնպես ոչինչ չհասկացավ։ Վերջը տեսավ, որ մենակ է, և շուրջն այնպիսի անդորրություն է տիրում, որ կարծես աշխարհը քարացել էր։ Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում նույնիսկ դրսից։ Լսվում էր միայն ծղրիդի մի խիստ համառ ճռինչ, որի մեջ գիշերվա անդորրությունն ավելի ևս քարացած էր թվում։

Սանթրոսյանին թվում էր, թե հանկարծ, մոգական մի, գավազանի զորեղությամբ, ինքն ենթարկվել է հոգեփոխության,