Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/518

Այս էջը հաստատված է

առջև, որ մթության մեջ մի աթոռ գտնի, և հանկարծ դիպավ ճաշասեղանին։

— Սպասեցեք, ճրագ վառեմ,— ասաց Վահանը։

— ՉԷ՛, չէ՛,— արագ վրա բերեց Սանթրոսյանը շշունջով։— Ես աթոռ եմ որոնում... Ահա, գտա... Ճրագ հարկավոր չէ, չվառեք։

Աթոռը տարավ դրեց բաց պատուհանի առաջ և նստեց։

— Կարծում էի, թե գնացել եք,— ասաց նա։

— Ուզում էի գնալ, բայց մայրիկը չթողեց։

Տիրեց երկարատև լռություն։

— Դուք դեռ չե՞ք պառկել,— հարցրեց Վահանը։

— Պառկեցի, բայց քնել չկարողացա,— շատ հանգիստ կերպով պատասխանեց Սանթրոսյանը։— Ամբողջ կյանքիս մեջ այս առաջին անգամն է, որ այսքան անհանգիստ գիշեր եմ անցկացնում,— ավելացրեց նա կարճ լռությունից հետո։— Չգիտեմ, իսկապե՞ս տոթ է, թե ես եմ, որ շնչելու օդ չեմ գտնում։ Իսկ այն ծղրիդն էլ... լսո՞ւմ եք։

— Ի՞նչ ծղրիդ։

— Չե՞ք լսում։

— Հա։ Ի՞նչ է որ։

— Եթե չեմ սխալվում, ծղրիդներն երևում են օգոստոսին, իսկ այժմ մենք դեռևս հունիս ամսումն ենք։ Այնքան վատ է ազդում ինձ այդ ձայնը, որ կարծես քերթում են ջղերս բութ դանակով։

Սանթրոսյանը նորից լռեց մի կարճ ժամանակ, և ապա սենյակի մթության մեջ նորից լսվեց նրա հանգիստ ձայնը.

— Հարավային Ռուսաստանում եղած ժամանակս մի անգամ մի շատ սուր ընդհարում ունեցա պաշտոնակիցներիցս մեկի հետ։ Խնդիրը վերաբերում էր անձնական պատվի, և ինձ հասցրած վիրավորանքը պիտի սրբվեր արյունով միայն, հետևյալ օրը կամ ես պիտի սպանեի ինձ վիրավորողին, կամ՝ նա ինձ։ Եվ այնուամենայնիվ այդ օրվա նախընթաց