Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/523

Այս էջը հաստատված է

Աքաղաղը լռել էր, և մութ գիշերն առաջվա պես ննջում էր անդորր։ Վահանի սիգարը մերթ վառվում էր, մերթ հանգչում, նրա անմազ դեմքը լուսավորելով իր վայրկենական անփայլ կրակով։

Հանկարծ ինչ-որ տարօրինակ խուլ ձայներ, քթի փսսփստոցի նման, դիպան Վահանի ականջին։ «Լա՞ց է լինում»,— մտածեց նա, նայելով Սանթրոսյանի կողմը։ Սակայն այդ ձայներն իսկույն լռեցին։

— Ես նրան սիրում էի, չափազանց սիրում,— շարունակեց Սանթրոսյանը երերուն ձայնով, որից սակայն երևում էր, որ նա աշխատում է սրտապնդել իրեն։— Սիրում էի այն աստիճան, որ ամեն անգամ, երբ երկարատև բացակայություններիցս հետո գալիս էի տուն, նայում էի նրա աչքերին, գրկում էի նրան, ինձ թվում էր, թե պիտի մեռնեմ երջանկությունից... Եվ այս բոլորն այլևս չկա, չքացավ հանկարծ, մի անգամից, միրաժի պես, անդարձ... Ի՞նչը ստիպեց նրան իր խոստովանությունն անելու ինձ և այդ էլ ա՛յն ժամանակ, երբ ինքն իր աչքով տեսել և համոզվել էր, որ նա, ում որ սիրում է, մեռնում է։ Չէ՞ որ ես երբե՛ք, երբեք չեմ կասկածել, չէի կասկածում և մինչև մահս էլ չէի կասկածիլ նրա հավատարմության և առաքինության մասին։ Ուրեմն ինչո՞ւ արավ այդ բանը, ինչո՞ւ։ Մի՞թե ինձ պատմելու համար... մի՞թե նրա համար, որ սրտիս մեջ գցեր այս թունավոր կասկածը, մի կասկած, որ վերաբերում է ոչ այնքան իրեն և նրան, ում որ սիրում է եղել, որքան ինձ, այո՛, ինձ, որովհետև ես այժմ մտածում եմ և այս մտածմունքն ուղղակի մահ է ինձ համար— թե այն ժամանակ, երբ ես գրկում էի նրան և իմ ամուսնական իրավունքները բանեցնում, դրանով թերևս վայրենի մի բռնություն էի գործ դնում նրա զգացումների վրա, և նա չէր բողոքում այդ բանի դեմ կամ վախենալով ինձնից, կամ խղճահարվելով ինձ վրա... Եվ ես այժմ չգիտեմ, թե ո՛րն ավելի անտանելի, ավելի հուսահատական է ինձ համար