Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/529

Այս էջը հաստատված է

— Եկեք այսպես անենք,— ասաց Վահանը։— Գնանք նրա մոտ միասին։ Ես կարծում եմ, որ թե դուք և թե նա այնքան չեք ճնշվիլ իրարից մի երրորդ անձի ներկայությամբ, որքան՝ եթե մեն-մենակ հանդիպեք իրար։ Համաձա՞յն եք։

Այս բանը, ըստ երևույթին, նստեց Սանթրոսյանի խելքում։ Կարճ ժամանակ նա լայն բացած մտառու աչքերով նայում էր Վահանի աչքերին, հետո նրա դեմքը փոքր-ինչ պայծառացավ, և նա շշնջաց գրեթե ուրախացած.

— Այդ լավ ասացիք... Այո՛, այո՛, շատ լավ ասացիք: Այդպես անենք, այդպես ավելի լավ կլինի։ Ոչ ես կճնշվեմ, ոչ նա։ Ես այդ եմ ուզում միայն, ուրիշ ոչինչ։ Հիանալի միտք է, հիանալի։

— Դե որ այդպես է, եկեք։

Վահանը առաջ ընկավ, Սանթրոսյանը հետևեց նրան։ Նրանք անցան մութ հյուրասենյակով, որտեղ լուսո մի շերտ էր ընկնում առանձնասենյակի կիսաբաց դռնից։ Առանձնասենյակից լսվում էր ծղրիդի ճռինչը, որը, սակայն, իսկույն լռեց, երբ նրանք ներս մտան այնտեղ։

Առանձնասենյակում Սանթրոսյանը կանգ առավ։

— Ես կմնամ այստեղ. երբ կանչեք, կգամ,— շշնջաց նա, զգալով, որ վարանումը նորից բռնում է իրեն ավելի ուժգին, քան մինչև այժմ։

— Շատ բարի,— ասաց Վահանը։— Ես դուռը բաց կթողնեմ։

Սանթրոսյանը նստեց աթոռի վրա և թաշկինակը մեքենայաբար տարավ դեպի ճակատը, որի վրա հանկարծ ինչ-որ սառն թացություն զգաց. իսկ Վահանը մոտեցավ ննջարանի դռանը։

Մտնելուց առաջ նա կամաց ծեծեց դուռը մատով և ականջ դրեց։ Ներսից ոչ մի ձայն չլսվեց։ Հետո նա զգուշորեն բաց արավ դուռը և ներս մտավ։

Ննջարանը լուսավորված էր արդուզարդի սեղանի վրա