Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

իշխանուհու կասկածը փարատելու համար նա երբեմն այցելում էր այս վերջինիս կամ նրա իրենց տուն եղած ժամանակ մնում էր տանը և աշխատում էր իրեն ոչ մի բանով 9մատնել։

Բայց իշխանուհի Մելիքյանի սրատես և փորձված աչքերից ոչինչ չէր կարող խուսափել։ Նա այնպիսի կիներից էր, որոնք ամենաչնչին բանի վրա անգամ մատների միջից են նայում։ Նա ամեն բան հասկանում էր այնպես, ինչպես հասկանում, թե այդ ժամանակ ի՛նչ էր կատարվում յուր մեջ։ Նրա կատաղությունը սաստիկ գալիս էր, որ այդ մարդը, որին ինքը սիրում էր, կարողանում է դեպի նա այնպես սառնասրտությամբ վերաբերվել և ավելի ևս, որ այդ մարդը նույնպես սիրում էր նրան։ Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՛նչ սոսկալի բան էր կատարվում յուր մեջ, երբ մտածում էր, որ այդ մարդը կարողանում էր դեմ կենալ մի այնպիսի զգացմունքին, որպիսին էր սերը, այնինչ ինքը — կինը՝ սիրո գլխավոր առարկան, որն ամեն տեղ, ամեն հանգամանքներում և ամեն ժամանակ միշտ հաղթող է հանդիսացել՝ անձնատուր է եղել այդ սիրույն, նրա ստրուկն է դարձել, որ ամենասոսկալի կերպով այրում, կրծում է նրա սիրտը։ Նա երազել անգամ չէր կարող, որ կինն այս աստիճան կարող է ընկնել, որ դուրս գա մի տղամարդ, կարողանա նրան հաղթել, նրա վրա իշխել. ընկնե՜լ... և այն էլ մի այնպիսի գեղեցկուհին, որպիսին է ինքը, ինքը, որի առաջ հարյուրավոր այդպիսի մարդիկ, որպես սուրբի առաջ, ծունկ են խոնարհել, որի ամեն մի հայացքից հարյուրավոր այդպիսի մարդիկ նոր կյանք են ստացել, որի մի խոսքից միայն կախված է եղել հարյուրավոր այդպիսի մարդկանց մահու և կենաց խնդիրը... իսկ ա՞յժմ։— Այժմ այդ միևնույն գեղեցկուհին պատրաստ է մի տղամաադի առաջ չոքելու, նրա յուրաքանչյուր հայացքից նոր կյանք ստանալու, նրա յուրաքանչյուր խոսքից միայն մահու և կենաց խնդիրը լուծելու... Ինչո՞ւ հանկարծ այդպես Ոլիմպոսի բարձրությունից ցա՜ծ ընկնել մինչև ամենահասարակ մահկանացուների շարքը․․․ Օ՛, ոչինչ է ուրեմն աշխարհի ստեղծմանից մինչև այժմ գտնված բոլոր բանաստեղծների գոված, փառաբանած սերը, գեղեցկությունն, երբ այժմ մի պարոն Հարունյան