Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/530

Այս էջը հաստատված է

վառվող երկու մոմով, որոնց լույսերն անդրադառնում էին հայելու մեջ: Այդ լույսերը մերթ դողդողում, երկարում էին, կարծես տքնում էին բարձրանալ ավելի ու ավելի վեր, մերթ իջնում էին և անշարժանում։ Մոմերը պարզ լուսավորում էին միայն իրենց շուրջը, իսկ սենյակի պատերի մոտ և անկյուններում, ուր նրանց լույսն անկարող էր փարատել կիսախավարը, կարծես թե ծուխ էր կանգնած:

Մանեն պառկած էր իր մահճակալի վրա շորերը հագին։ Պառկած էր երեսն ի վեր, պառկած էր տարօրինակ կերպով. գլուխը բարձերի վրա չէր, այլ ընկած էր ներքև սաստիկ երկարացած վզով,— կարծես պառկած տեղից ինչ-որ բան էր դիտում հետևը. մի ոտը ծալված՝ գտնվում էր մահճի վրա և խճճվել էր շրջազգեստի փեշերի մեջ, մյուսը ձգված էր հատակի վրա, երևան հանելով նրա սև փայլուն կիսակոշիկը բարձր կրունկով և երկայն սև գուլպան մինչև սրունքը։ Մոմերը լուսավորում էին նրան ոտների կողմից, և նրա դեմքը գտնվում էր կրծքից թռած ստվերի մեջ:

Վահանը կամաց խոնարհվեց նրա դեմքի վրա, հետո հանկարծ ավելի կռացավ և սկսեց լավ դիտել այդ դեմքը։ Մանեի մի աչքը կիսաբաց էր, մյուսը՝ խուփ. ծնոտը ծռված էր, բերանը բացված էր լայն և նրա մեջ երևում էին փղոսկրի պես սպիտակ երկշար ատամները և ինչ-որ ուրիշ սպիտակ մի բան, փրփուրի նման... Այդ բոլորը այնպիսի արտահայտություն էին տվել նրա դեմքին, որ Վահանին սկզբում թվաց, թե նա լուռ ծիծաղում է։ Մի ձեռքը կախ էր ընկած մահճակալից, մյուսով բաց էր արել կրծքի կոճակները և պոկել էր շապիկի նուրբ անկվածից մի կտոր. այդ կտորը տեղ-տեղ փաթաթվել էր նրա երկայն մատներին, որոնց վրա երկու մատանի,— մեկը պարզ՝ նշանի, մյուսը թանկագին շողակնյա,— պլպլում էին մոմերի լույսերից։

— Մանե՛,— կանչեց Վահանը և նրան թվաց, թե այդ