իր ձայնը չէր, այլ ուրիշի ձայն, ոչ-մարդկային մի ձայն, որից ինքն էլ սարսափեց։
Մանեն պառկած էր նույն դրության մեջ, անշարժ, և նրա ահարկու դեմքը ծիծաղում էր առաջվա պես լուռ ու քարացած։
— Մանե՛,— կրկնեց Վահանը, մեքենայաբար առնելով քրոջ կախ ընկած ձեռքը։
Այդ ձեռքը թույլ էր փալասի պես։
Այնուհետև, այլևս չիմանալով, թե ինչ է անում, Վահանը երկու ձեռքով վրա ընկավ քրոջ ուսերին և բարձրացրեց նրան։ Մանեի գլուխն իր ծիծաղող դեմքով ետ ընկավ թուլացած և կախ ընկավ, ավելի ևս երկարացնելով նրա սպիտակ նիհար վիզը։
Վահանը դիակը բաց թողեց թուլացած ձեռքերից։ Դիակը վայր ընկավ, և գլուխը քարի ծանրությամբ խրվեց փափուկ բարձի մեջ, կզակը դեմ տալով կրծքին։
Մի րոպե Վահանին թվաց, թե սենյակը հանկարծ մթնեց, և հատակը փախչում է ոտների տակից։ Նա պինդ բռնեց մահճակալի գլխից, որ վայր չընկնի։
Նույն րոպեին, կարծես երազի մեջ, տեսավ Սանթրոսյանի դեմքը դիակի վրա խոնարհված, և այդ դեմքի վրա երկու ահագին աչքեր, որոնք կարծես դուրս էին պրծել խոռոչներից և խոշորացած բիբերով նայում էին խելագար զարհուրանքով... Հետո նրա ականջին դիպավ վայրենի մի ճիչ և ապա մի խուլ ձայն,— կարծես ինչ-որ ծանր ու փափուկ մի մարմին վայր ընկավ գորգի վրա...
Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում էր իր անվերջ միապաղաղ ճռինչը՝ միանգամայն անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ, անզոր ու անօդ, կարծես հավիտենական մի անեծքով, փոթորկում էր ցավատանջ գալարումներով և կործանվում կրքերի ողբերգական պայքարի մեջ...
1898