Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/532

Այս էջը հաստատված է
ՆՈՐ ՄԱՐԴԸ
(Հատվածներ անավարտ վեպից)

1

1914 թվի գարնան մի օր առավոտյան ժամը 10-ն էր, որ ծխախոտի գործարանատեր և բանկի դիրեկտոր Խանբեգյանը, լողարանից նոր ելած, խալաթը հագին, թարմ ու առույգ մտավ սեղանատուն։ Մոտ վաթսուն տարեկան բարձրահասակ, բարեկազմ մարդ էր սպիտակ մազերով և խոշոր աչքերի վերև երկու երկարաձիգ տզրուկի պես ձգված սև ու խիտ հոնքերով։

Սեղանատանը ոչ ոք չկար։ Արծաթյա ինքնաեռը, սեղանի ծայրին պպզած, ինչ֊որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի։ Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ։ Կինն այդ կողմից չափազանց կարգապահ էր, մաքրասեր և խստապահանջ, և նրա մահից հետո էր, որ այդ անկարգությունը մտել էր նրա տուն, որովհետև չկար այլևս մի եռանդուն, խնամոտ ձեռք, որ ամեն բան կարգադրեր, մաքրեր, տեղավորեր. հին դայակը, որ ջահել հասակից այդ տանն էր մեծացել, արդեն շատ էր պառավել և չէր կարողանում ամեն բանի հասնել, իսկ աղախինը, ծույլ լինելով, ավելի ևս ծուլացել էր տանտիկնոջ մահից հետո և առանց հրամանի