Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/536

Այս էջը հաստատված է

— Հետո. քանի՞ անգամ պետք է զանգ տամ, որ դու բարեհաճես մտնել։ Հը՞, ասա՛։

— Զանգի ձայնը չեմ լսել,— պատասխանեց աղախինը հեծկլտանքի միջից։

— Չես լսե՞լ։ Ո՞ր ջհաննամումն էիր, որ չես լսել։

— Իջել էի դուռը բանալու։

— Մարդ էր եկե՞լ։ Ո՞վ էր։

— Վիկտորիա Պավլովնան։

— Վիկտ...— դուրս թռավ Խանբեգյանի բերնից, և նրա խոշոր աչքերի մեջ կարծես հանկարծ կրակ վառեցին։

Խալաթի կուրծքն ու փեշերը մեքենայաբար իրար վրա ծալելով, նա խոնարհվեց֊դեպի աղախնու դեմքը և, նրա ձեռքերը կամացուկ հեռացնելով աչքերից, հարցրեց մի տարօրինակ անհանգստությամբ.

— Հետո՞... ի՞նչ եղավ... ո՞ւր է... գնա՞ց...

— Սպասում է ձեզ առանձնասենյակում։

— Հաա՞։ Լա՛վ։

Խանբեգյանը շտկվեց և, խալաթի կուրծքն ու փեշերը պինդ գրկած, արագորեն դիմեց դեպի ննջարանը, բայց հանկարծ ետ դարձավ և մոտեցավ աղախնուն, որը շարունակում էր լալ։

— Սո՛ւս, հիմար, ի՞նչ ես լաց լինում,— շշնջաց նա մեղմացած։— Բարկացած էի այն խոզերի վրա, դրա համար խփեցի, թե չէ, ուրիշ անգամ ե՞րբ եմ խփել։ Սուս արա, ամոթ է, Վիկտորիա Պավլովնան կլսի։ Խո գիտես, որ ես քեզ հոր պես եմ նայում, թե չէ, ինքդ էլ տեսնում ես, պահելու պտուղ չես դու։ Դե, բավական է (Խանբեգյանը ձեռքով շոյեց նրա գլուխը)։ Եվ լսիր ինչ եմ ասում, ջանիկս։ Այս րոպեին ինքնաեռը կտանես կտաքացնես, հետո կգաս կարգի կդնես այս սեղանը, սփռոցը կփոխես, ինչ որ հարկավոր է — կարագ, ձու, մեղր, մի խոսքով՝ ամեն բան— կդարսես։