Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/538

Այս էջը հաստատված է

սրտի արատից, Խանբեգյանն ինքն էլ չիմացավ, թե ինչու մի տարօրինակ ուրախություն զգաց սրտի խորքում։ Այդ ժամանակ նրա կինը դեռևս կենդանի էր և, չնայելով հարատև հիվանդությանը, ըստ երևույթին, միտք չուներ մեռնելու։ Ու երբ, երկար տանջվելուց հետո, նա, այնուամենայնիվ, մեռավ, Խանբեգյանը զգաց իրեն որպես վանդակից ազատված մի թռչուն, որը ո՛ւր ուզեր, կարող էր թռչել։ Այժմ միայն նա հնարավորություն ստացավ լուրջ կերպով մտածելու, թե չի՞ կարող արդյոք այնպես անել, որ Վիկտորիա Պավլովնան իր կինը դառնար։

Սկզբում բավական ծանրակշիռ մի հանգամանք մթագնում էր նրա ուրախությունը և հուսաբեկ անում նրան, այդ այն էր, որ նա մտածում էր, թե ինքը թեև դեռևս ժիր ու առույգ, բայց արդեն մոտ վաթսուն տարեկան մարդ է, մի տասը տարուց հետո արդեն անպետք զառամյալ ծերունի կլինի, այնինչ Վիկտորիա Պավլովնան իրենից կիսով չափ ջահել էր. դեռևս շատ թարմ և այնքան գեղեցիկ, որ ոչ մի դժվարություն չէր կրի մի ջահել ամուսին գտնելու, մանավանդ որ անզավակ էլ էր։ Բայց շուտով տեսավ, որ այդ կասկածը հիմք չունի։ Բանն այն է, որ Խանբեգյանի կնոջ մահից հետո Վիկտորիա Պավլովնան նրան ավելի մերձենալու հակամետություն էր ցույց տալիս, տեղի-անտեղի այցելում էր նրան, զանազան խորհուրդներ հարցնելու պատրրվակով նկարագրում էր իր նյութական նեղ կացությունն ամուսնու մահից հետո և նույնիսկ մի-երկու անգամ նյութական օգնություն էր խնդրել նրանից։

Թեև Վիկտորիա Պավլովնայի այս վարմունքը մեծ չափով հուսադրում էր Խանբեգյանին, բայց մյուս կողմից մի ուրիշ ոչ պակաս ծանրակշիռ հանգամանք նրան վարանման մեջ էր գցում,— ի՞նչ կասեին իր բարեկամ-ազգականները և, մանավանդ, ի՞նչ կասեին և ի՞նչ աչքով կնայեին իրենց ջահել խորթ մոր վրա իր զավակները, որոնցից ամենամեծը—