Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/539

Այս էջը հաստատված է

Միշան, Պետերբուրգի համալսարանի վերջին կուրսի ուսանող էր, իսկ նրանից փոքրը— Վանյուշը, և աղջիկը— Կատյան, գիմնազիոնի 7-րդ և 6-րդ դասարանի աշակերտ և աշակերտուհի։

Այս և այսպիսի մտածումների ու վարանքի մեջ նա շատ անգամ ասում էր ինքն իրեն հուսահատ մարդու վճռականությամբ․ «է՜հ, ի՛նչ ուզում են՝ թող ասեն, ի՛նչ աչքով ուզում են՝ թող նայեն, ես կանեմ իմը։ Դժվարն առաջին քայլն է։ Պետք է քաջություն ունենալ այդ քայլն անելու։ Եվ ես կանեմ այդ քայլը։ Թող սկզբում տարօրինակ թվա, հետո, ժամանակի ընթացքում, կհաշտվեն։ Դա շատ բնական է»։

Այժմ էլ, երբ պատրաստվում էր գնալ ընդունելու Վիկտորիա Պավլովնային իր առանձնասենյակում, Խանբեգյանը նույն մտմտուքի մեջ էր։ «Այժմ, կամ երբեք, այժմ, կամ երրեք»,— կրկնում էր նա մեքենայաբար, վերջին անգամ հայելու մեջ դիտելով իրեն և թաշկինակը կոխելով բաճկոնի գրպանը։

Երբ փայլուն կոշիկները հագին, մազերն անգլիական ձևով գագաթի մեջտեղից ուղիղ գծով բաժանած, խնամքով սափրած երեսին հազիվ նկատելի կերպով հոտավետ փոշի ցանած, անցնում էր սեղանատնից գլուխը բարձր ու մեջքը շամփուրի պես շիփ֊շիտակ, Դունյան ինքնաեռն արդեն դուրս էր տարել տաքացնելու և դեռ լացակում աչքերով զբաղված էր սեղանը կարգի դնելով։

— Կեցցե՛ս, Դունյա, իմ խելոք աղջիկ, ա՛յ հիմա հասկանում եմ,— ասաց նա մի րոպե կանգ առնելով և դիտելով շուրջը։— Միայն շուտ և, որ պատրաստ լինի, եկ ինձ իմաց տուր։

Ու շարունակեց քայլերը դեպի առանձնասենյակ։ Քայլում էր թեթև, սահուն, առանց մարմնի ծանրություն զգալու։