ամենահանդուգն կերպով ծաղրում է դրանց․․․ Ոչի՞նչ է, ոչի՞նչ գեղեցկությունը— Աստղիկը, որի առաջ մինչև անգամ գոռոզ աշխարհակալներ խոնարհել են իրենց սրերը...
Նա չէր իմանում, թե ի՛նչ աներ։ Որքան շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի նրա կատաղությունը բորբոքվում էր։ Պարոն Հարունյանի արտասովոր վարմունքը դիպչում էր նրա «կնային գերիշխանության» ամենաքնքուշ լարերին... Սակայն ի՞նչ կարող էր նա անել, խո չէ՞ր կարող քայլ առ քայլ հետամտել նրան և զոռով ստիպել նրան յուր առաջ չոքելու և համբուրելու յուր ձեռքերը... Ո՛չ, ո՛չ, հազա՛ր ամոթ, այլևս ինչո՞ւ է նա գեղեցկուհի կոչվում, երբ այդ բոլորը ստիպմամբ պետք է լինի, չէ՞ որ դրանով առավել ևս ստորանում է կինը, գեղեցկությունը, վերջապես ինքը անձնասեր, գոռոզ իշխանուհի Մելիքյանը, որի մեջ մարմնացած են այդ անհաղթելի ուժերը...
Բայց գուցե այդ մարդը չէ սիրում նրան, և նա այդպես միայն կարծում է, նրան այդպես միայն թվում է... Բայց եթե նա իսկապես նրան չէ սիրում և ոչինչ երկյուղ չունե նրանից, էլ ինչո՞ւ նրանից միշտ խույս է տալիս... Ո՛չ, անկարելի է այդ բանի մեջ սխալվել, նրա աչքերը նոր չպետք է սովորեն այդ արհեստը..․ Նա համոզված է, հաստատ համոզված է, որ այդ մարդն իսկապես սիրում է իրեն, բայց որ նա այդպես համառ կերպով կռվում է այդ սիրո դեմ— դրանով կամենում է ցույց տալ յուր ամուսնական հավատարմությունը... (նա արդեն ծանոթ էր պարոն Հարունյանի բնավորության հետ)։ Վերջին բանի մասին մտածելիս իշխանուհու դեմքի վրայով մի հեգնական ժպիտ էր վազում։
Այժմ նրա կատաղությունը դարձավ և տիկին Հարունյանի վրա։ Առանց երկար մտածելու, նա ամեն բանի մեջ մեղավորը նրան էր գտնում. չէ՞ որ ամուսնուն նա էր խանգարում․ մինչև անգամ իշխանուհին կարծում էր, որ ամուսնուն նա էր արգելում իրեն այցելելու։ Եվ նա սկսեց ատել յուր նախկին ամենասիրելի ընկերուհուն։ Իսկ վերջինս, բոլորովին ոչինչ չկասկածելով այդ բանի մասին, շարունակում