Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/543

Այս էջը հաստատված է

միայն հրամաններ կարող եմ ընդունել,— ավելացրեց նա ծիծաղելով։— Համեցեք, համեցեք գնանք, այնտեղ դուք կարող եք հայտնել ինձ ձեր հրամանը։

Եվ Խանբեգյանը, ոչ մի առարկություն չընդունող քնքուշ համառությամբ բռնելով Վիկտորիա Պավլովնայի թևից, առաջնորդեց նրան դեպի սեղանատուն։

Սեղանատանն ամեն ինչ կարգի էր բերված։ Արծաթե ինքնաեռն ուրախ քլթքլթում էր սեղանի ծայրին։ Կաթնամանից նոր եռացրած կաթը հանդարտ գոլորշի էր արձակում։ Գարնանային արևի շողերը ոսկի թեք սյուներ էին պտտեցնում բաց պատուհանների վերևից մինչև հատակը։ Ու որքան մռայլ էր Խանբեգյանի հոգին աղախնի հետ ունեցած միջադեպի ժամանակ, այնքան ուրախ ու զվարթ էր այժմ այդ լուսավոր, շողշողուն սենյակում, ցանկալի կնոջ ներկայությամբ, և նա զգում էր, թե մի տասը-քսան տարով ջահելացել է ինքը։ Միշտ լուրջ, միշտ զգաստ, միշտ ծանրախոհ նրա դեմքն այժմ շարունակ ժպտում էր մի տեսակ երանությամբ, որպես թե այլևս ոչ մի կասկած չուներ, որ իր բաղձանքը պիտի կատարվի հենց այժմ, հենց այդ րոպեին։ «Այո՜, այժմ կամ երբե՜ք... Եվ ա՜յժմ, այժմ միայն»,— հաստատապես վճռեց նա։

— Գիտե՞ք ինչ կա, Վիկտորիա Պավլովնա,— ասաց նա մի տեսակ իր հասակին ոչ վայել չարաճճի տոնով,— ձեր հրամանը լսելուց առաջ ես կկամենայի, որ դուք հանեիք ձեր այդ գլխարկն ու ձեռնոցները և մի-մի բաժակ լցնեիք։

Վիկտորիա Պավլովնան ժպտաց, հանեց գլխարկն ու ձեռնոցները և նստեց ինքնաեռի մոտ։ Խանբեգյանը նստեց նրա դիմաց և սկսեց ախորժակով ուտել։ Լույսը պատուհաններից ընկնում էր Վիկտորիա Պավլովնայի երեսին և Խանբեգյանի մեջքին։ Խանբեգյանն այդ դիրքով ավելի հարմարություն ուներ դիտելու Վիկտորիա Պավլովնայի իրեն լավ