Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/548

Այս էջը հաստատված է

— Հապա ե՞րբ։

— Չգիտեմ։

Վիկտորիա Պավլովնան, մեջքը դեպի նա արած, արագորեն հագավ ձեռնոցները, ուղղեց գլխարկի սև շղարշը և ռեդիկուլը առնելով դիմեց դեպի դուռը։

Խանբեգյանը հետևեց նրան մինչև նախասենյակ։

— Լսեցեք, Վիկտորիա Պավլովնա,— ասաց նա, համարյա զոռով պահելով նրան,— այս օրերս ես մեկնելու եմ Պետերբուրգ բանկի գործերով և շատ եմ խնդրում, որ եթե ոչ այսօր, գեթ վաղն ինձ պատասխանեք. կպատասխանե՞ք։

— Չգիտեմ։

— Ոչ, աղաչում եմ, պատասխանեցեք։ Թող բացասական լինի ձեր պատասխանը, միայն թե պատասխանեցեք, անպատճառ պատասխանեցեք։ Այո՞։

— Լավ։

— Ե՞րբ,

— Վաղը։

— Ի՞նչպես։ Սպասե՞մ ձեզ, թե...

— Կգրեմ։

— Ինձ մեկ բառ էլ բավական կլինի,— այո, կամ ոչ։ Լսո՞ւմ եք, Վիկտորիա Պավլովնա— այո, կամ ոչ,— կանչեց նրա հետևից Խանբեգյանը, երբ նա արդեն իջնում էր մարմարի լայն սանդուղքներով և շուտով ծածկվեց ներքևում։


4

Հետևյալ օրը առավոտից մինչև երեկո Խանբեգյանն անհամբեր սպասում էր Վիկտորիա Պավլովնայի նամակին։ Սպասողական դրության մեջ, ոչ մի բանի վրա չէր կարողանում կենտրոնանալ։ Մոռացել էր բանկում երևան հանված վատնումը, որ վերջին օրերը շատ էր զբաղեցնում նրան. նույնիսկ հետին գծի վրա էր քաշվել գործարանի բանվորների