Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

էր նրան առաջվա նման անկեղծորեն սիրել և միշտ այցելել նրան։ Սակայն նա չէր կարող մի քանի անգամ չնկատել իշխանուհի-ընկերուհու սառը վարմունքը, որը վերջինս հազիվ էր կարողանում զսպել. բայց նա ի՞նչ կարող էր կարծել, թե այդ ի՛նչ բանի համար է:

Իշխանուհի Մելիքյանի ատելությունը դեպի տիկին Հարունյանը մինչև այն աստիճան հասավ, որ նա մի քանի անգամ, նրա այցելության ժամանակ, աղախնին հրամայեց նրան հայտնելու, որ ինքը տանը չէ, կամ հիվանդ է, կարող չէ ընդունել։ Իհարկե, այդ հանկարծակի փոփոխությունը չէր կարող աննկատելի մնալ տիկին Հարունյանից, որին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ միայն զարմանալ, ապշել։

Այնուհետև նրանց այցելությունները բոլորովին նվազեցան։ Ամբողջ շաբաթներ էին անցնում, և նրանք հազիվ թե երկու, երեք անգամ տեսնվում էին միմյանց հետ և այն էլ կարճ ժամանակով, այնպես որ տիկին Հարունյանը ժամանակ չէր ունենում հարցնելու իշխանուհուն նրա այդ հանկարծակի փոփոխության պատճառը և, բացի դրանից, նա մի այնպիսի բնավորություն ուներ, որ չէր կարողանում մի անգամից վճռել այդ բանը. նա շատ քաշվում էր, երբ տեսնում էր իշխանուհու կիտած հոնքերը և սառը ընդունելությանը։ Բայց նա այնքան սիրում էր յուր նախկին ընկերուհուն և դրա այդ անսպասելի փոփոխությունն այնպես ազդել էր նրա սիրող սրտի վրա, որ երկար չկարողացավ համբերել և մի անգամ հարցրեց նրանից պատճառը։ Իշխանուհի-ընկերուհին բավականացավ միայն պատասխանելով, որ վերջին ժամանակները մի տեսակ գլխի ցավ է ստացել, այնպես որ ոչ ոքի հետ խոսել անգամ չէ կարողանում և ստիպված է միշտ տանը փակված մնալ, իսկ բժիշկները չեն կարողանում օգնել։ Տիկին Հարունյանը հավատաց և սաստիկ տխրեց։ Որ իշխանուհին չէր այցելում Հարունյաններին, նա, իհարկե, դրանով կամենում էր միայն յուր ջիգրը հանել պարոն Հարունյանից. բայց նա տեսնում էր, որ այդ իրեն արժան չէր նստում, որովհետև յուր դեպի պարոն Հարունյանն ունեցած սերը հետզհետե բորբոքվում էր և նրան հանգստություն չէր տալիս։ Իսկ պարոն Հարունյանն անլսելի համառությամբ կռվում էր յուր մեջ գործող զգացմունքի