Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/550

Այս էջը հաստատված է

ձեռքով ուղարկել իր պատասխանը։ Հետո, ի՞նչ էին նշանակում այդ լացակում աչքերը, այդ արցունքները, որոնք պլպլում էին նրա դեմքի խորշոմների մեջ։

— Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում,— հարցրեց նա վերջապես։

— Շուշանի մերն եմ, աղա ջան,— պատասխանեց պառավը լալագին ձայնով։

— Շուշա՞ն,.. ի՞նչ Շուշան։

— Շուշան Մարտիրոսովի։

— Ո՞վ է Շուշան Մարտիրոսովը, ես քեզ չեմ հասկանում։

— Էն, որ ձեր փաբրիկումը բանում էր։

— Չեմ ճանաչում, չգիտեմ։

— Հա, աղա ջան, դու չես գիտենա։ Ձեր ուպրավլաուչին գիդա։

— Լավ, հետո՞։

Պառավը փղձկաց և փղձուկի միջից հազիվ կարողացավ արտասանել.

— Չարդ տարավ...

— Մեռա՞վ։

— Մեռավ, աղա ջան, մեռավ, մեռավ նաչարս...

Պառավն, ըստ երևույթին, զսպում էր իրեն, որ բարձրաձայն լաց չլինի այդ տղամարդու առաջ, որից իրեն հեռու էր զգում, ինչպես երկինքն երկրից, բայց և այնպես մայրական կսկիծը հաղթեց, և նա, շալի ծայրով ծածկելով աչքերը, սկսեց հեկեկալ։

— Լավ, ես ի՞նչ անեմ, որ մեռավ,— ասաց Խանբեգյանը զարմացած նայելով նրա փոքրիկ մարմնին, որ ամբողջապես ցնցվում էր հեկեկանքից դռան մոտ կուչ եկած։

— Չոր տափին մնացինք, աղա ջան... իրեք որբերով... մեր տեր ու տիրականը նա էր, աղա ջան... սրանից եդը ի՞նչ պտի անենք, ի՞նչ պտի անենք...

Խանբեգյանը հոնքերը կիտեց։ Չէր իմանում ի՛նչպես