Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/551

Այս էջը հաստատված է

վերջ տա այդ իրեն համար անախորժ տեսարանին և մի բան ասած լինելու համար հարցրեց.

— Շա՞տ ժամանակ էր հիվանդ։

— Հա, աղա ջան, շատ վախտ էր հիվանդ,— աչքերը սրբելով ասաց պառավը,— համա ըսկի մի օր էլ բանից եդ չէր ընգել։ Էրեգ չէ, մեկէլ ըռավոտն էլ սաղ֊սալամաթ վեր կացավ, գնաց փաբրիկը, համա ըրիգունը տուն եկավ թե չէ, բերնիցը կում֊կում արին գցեց, եննա, աղիս ասեմ, արինը ոնց որ կժիցը թափես... Վո՜ւյ, վո՜ւյ, քոռանա աչքերս, քոռանա աչքերս,— թակեց ծնկներին պառավը,— արնաքամ ըլավ նաչարս, արնաքամ, աղա ջան, ոնց որ հավի ճիտը կտրես դեն գցես...

— Չէ՞ր բժշկվում։

— Ըսկի չէինք կարում ծերը ծերին գցի, դոխտուրի ու դեղի փողը ո՞րդիան էր. ինչ իմ նաչար փեսեն սալդատ չէր գնացել, էլի քչից֊շատից...

— Լավ, լավ,— կտրեց պառավի խոսքը Խանբեգյանը, զգալով, որ նրա պատմությունը երկար է լինելու։— Հիմի ասա, ինչի՞ ես եկել ինձ մոտ,— հարցրեց նա, շատ լավ իմանալով, որ եկել էր օգնություն խնդրելու։

— Ասեմ, աղա ջան, ընչի եմ եկել։ Գիդամ, որ սա իմ տեղը չի, համա ճարը կտրածը ի՛նչ չի անի։ Էրեգ էլ, ըսօր էլ գնացի ձեր ուպրավլաուչի մոտ, որ մի քիչ փող տա, նաչարիս տանեմ հողին պահ տամ, ասեց, թե իրա ժալովնեն ստացել պրծել ա, հալա մի երեք մանեթ էլ էս գլխից ա տարել, ու դարդակ ճամփա դրեց։ Ինչքան խնդրվեցի, ինչքան աղաչեցի, պաղատեցի, ասի՝ բա ընչկլի ե՞փ մեռելս տափին պտի մնա— ըսկի մի սև գրոշ էլ ա չհանեց, չտվեց։ Հըմի, աղա ջան, ճարս կտրած, քե մոտ եմ եկել, ումիկս դու ես։ Էն իմ խեղճ նաչարը— վա՜յ, քոռանա քոռ մերըտ, Նատո ջան,— որ ասես չէր հվանում ձեր էդ ուպրավլաուչուն, ասում էր փիս