Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/554

Այս էջը հաստատված է

բայց Խանբեգյանը շտապով ետ ու ետ քաշվեց, ակամա տհաճություն զգալով նրա ձեռքի շոշափումից։

— Գնա, գնա, մայրիկ,— ասաց նա մեղմորեն և իսկույն մտածեց, որ իր տարիքին ավելի շուտ «քույրիկ» ասելը կսազեր.— ինձ շնորհակալություն հարկավոր չէ։

— Վո՜ւյ, ո՞նց շնորհակալ չըլեմ, աղա ջան,— բացականչեց պառավը,— դու որ իմ խեղճ նաչարին տափի վրա չթողիր․․․ Վույ, քու արևը շատ ապրի, աղա ջան, ինչքան որ պակսեց իմ նաչարից, էնքան օր...

— Дуня, выведи ее,— պատվիրեց Խանբեգյանն աղախնուն, որը զարմացած դիտում էր իրեն անհասկանալի և այդ տան մեջ տարօրինակ տեսարանը։

Խանբեգյանն ուզում էր կարելույն չափ շուտ ազատվել այդ կպչուն պառավից, որպեսզի նստի և մի լավ մտածի այն խենթացնելու չափ երանավետ օրերի մասին, որ իր հետևից բերելու էր «Այո»֊ն։

Դունյան բռնեց պառավի թևից և դուրս տարավ։


5

Կնոջ մահից հետո կրկին ամուսնանալու միտքը չէր հեռանում Խանբեգյանի գլխից՝ երկու պատճառով։ Նախ այն պատճառով, որ տունը կատարյալ վերանա էր դարձել, ոչ մի բան իր տեղը չէր, ոչ մի բան իր ժամանակին և ինչպես հարկն էր չէր կատարվում, բարեկամների այցելությունը կտրվել էր, տղան ու աղջիկը բոլորովին սանձաթող էին եղել, երբ ուզում և ուր ուզում՝ գնում էին, դասերը չէին պատրաստում։ Մի խոսքսվ՝ տանտիկնոջ և մոր հսկող զսպող աչքը վերացել էր և այդպես շարունակել այլևս անկարելի էր։

Երկրորդ պատճառը, որ պակաս զորավոր չէր, քան առաջինը, այդ այն էր, որ Խանբեգյանը, իբրև տղամարդ, պարզապես