Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/556

Այս էջը հաստատված է

Եվ այժմ, երբ նրա ուրախությունից դողդողացող ձեռքին թրթռում էր նամակի բուրավետ թուղթը, որի վրա գրված էր կանացի անվարժ, անկանոն բարակ գրերով մի բառ միայն — «Այո», նա արյան այնպիսի մի հորդում էր զգում երակների մեջ, որ կարծում էր, թե մի քսան տարով ջահելացել է ինքը, և մկանները պողպատ են կտրվել։ Նա ետ ընկավ թիկնաթոռի մեջքին, ձեռքերը տարածեց այս ու այն կողմը խաչելության ձևով, ատամները պինդ սեղմեց իրար և կուրծքը դուրս ձգեց մկանների այնպիսի ուժգին լարումով, որ թիակները ճռճռացին մեջքի վրա.

Սարեր տվեք ինձ, սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կծամեմ,
Մեջս այսքան ուժ, ասեք, ի՞նչ անեմ,—

արտասանեց նա Գամառ-Քաթիպայի մի ոտանավորի խոսքերն այն ձևով, ինչ ձևով որ լսել էր մի ժամանակ հայ բեմի վրա իրեն տրագիկ երևակայող մի դերասանից, որը բացի հուժկու ձայնից ուրիշ ոչ մի շնորհք չուներ։

Մի րոպե նրա միտքը կանգ առավ այդ դերասանի վրա։ Այն ժամանակ նրան շարունակ տեսնում էր կլուբում կոկ հագնված, սրածայր բեղերով, փայլուն ցիլինդրով, գեղեցիկ կանանց հետ։ Իսկ այժմ երբեմն հանդիպում էր նրան փողոցում մազակալած երեսով, հնոտիների մեջ, պատռած կոշիկներով, մի ոտը կաթվածահար քարշ տալիս, ձեռնափայտին դիմհար տված։ «Մենք պետք է որ հասակակից լինենք,— մտածեց Խանբեգյանը,— ինչո՞ւ ես այսպես պահպանվել եմ, իսկ նա...»։

— К чорту!— բացականչեց տեղից վեր թռչելով,— ո՞րտեղից միտս եկավ այդ ավերակը...

Բնազդաբար զգաց, որ եթե շարունակի մտածել իրեն հասակակից այդ «ավերակի» մասին, կարող է այդ րոպեին իրեն տիրող ֆիզիկական զգացողությանը և հոգեկան տրամադրությանը