Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/560

Այս էջը հաստատված է

կոխած, իր երկար ոտներով չափում էր սենյակի երկայնքը և չէր համարձակվում ձայն հանել։

— Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ,— ասաց հայրը մեղմացած տոնով, բայց աշխատելով ցույց չտալ, թե զիջում է նրանց,— ձեր մոր մահից հետո կիսով չափ որբ եք մնացել, տանը մարդ չկա, եկող-գնացող չկա, որ զբաղվեք, իսկ իմ գործերը ժամանակ չեն տալիս ինձ ձեզնով զբաղվելու, ձեզ հետ տեղ գնալու։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ, տանը։ Ո՞վ է այստեղ տեր ու տիրական,— Դունյան, ձեր պառավ հիվանդ դայակը և խոհարարը։ Է՛հ, եղա՞վ։ Մինչև ե՞րբ այսպես։ Եվ որպեսզի մի անգամ առ միշտ վերջ տամ այս դրությանը, ես ահա թե ինչ եմ որոշել։

Նա նստեց սեղանի մոտ և դարձավ տղային.

— Վանյա, բավական է չափես սենյակը, եկ նստիր այստեղ և լսիր ինչ եմ ասում։

Վանյուշը նստեց նրա դիմաց, մեջքը դեմ տվեց աթոռի թիկունքին և չէր նայում հորը։

— Ի՞նչ եք կարծում,— ասաց Խանբեգյանը, փոխնիփոխ դառնալով տղային և աղջկան,— ո՞րն է ավելի լավ. այսպես շարունակե՞լ, թե՞ տանն ունենալ մեկը, որ փոխարինի ձեր հանգուցյալ մորը և նայի տուն ու տեղին։

Այդ խոսքերի վրա տղան ու աղջիկը, որոնք մինչ այդ նստած էին խռովածի պես և ամենևին չէին նայում հորը, մեկեն նայեցին նրան այնպիսի մի հարցական-տարակուսական հայացքով, որ նա ակամա շփոթվեց և մի րոպե լռեց, աշխատելով դիմանալ նրանց այդ հայացքին։ Հետո, զգալով, որ կորցնում է իր հրամայողական-տիրական տոնը, շարունակեց, այս անգամ արդեն խոսքերը խառնելով իրար.

— Ասելս այն է, որ... Դուք եք ավելի․․․ ավելի ձեզ համար է, որ ես մտածում եմ... Դուք արդեն երեխաներ չեք, և որովհետև այս բանում դուք էլ... որովհետև այս բանը ձեզ էլ