Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/566

Այս էջը հաստատված է

Խանբեգյանը վառված աչքերով։— Մի մեռելի պատճառով ամբողջ օրը գործարանը կանգնեցնել...

— Դե իմ ասելս էլ ի՞նչ էր,— վրա բերեց կառավարիչը։

— Ո՞վ է նրանց գլխավորը, կանչեցեք գա այստեղ,— հրամայեց Խանբեգյանը:

Կառավարիչը շտապով դուրս գնաց, ուր նորից բարձրացել էին խառնաշփոթ ձայները։

Խանբեգյանը նստեց կառավարչի գրասեղանի մոտ և նոր միայն, ձեռքը հազիվ մոտեցնելով գլխարկին, բարևեց գրասենյակի ծառայողներին, որոնք, գործերը թողած, հարգական-սպասողական դրության մեջ, սուս ու փուս նայում էին նրան։

Կառավարիչը վերադարձավ չուխավոր, կապույտ արխալուղի վրա կաշու գոտիկ կապած մոտ երեսուն տարեկան մի բանվորի հետ, որը մտնելուն պես գդակը վերցրեց և կանգ առավ դռան մոտ։ Նրա դեղնավուն դեմքի վրա այտերը կարծես մատներով հուպ էին տվել դեպի ներս․ անսովոր առատամազ բեղերը ծածկել էին ամբողջ բերանը և թևերը կախել այս ու այն կողմը։ Աչքերի մեջ ինչ-որ խորամանկ ժպիտ էր խաղում:

Խանբեգյանը նայեց նրան ոտից գլուխ։ «Տիպիկ կինտո»,— անցավ նրա մտքով։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց։

— Բախշո Նախշունով։

— Էդ դո՞ւ ես նրանց խելքից հանել։

Բանվորը զարմացած նայեց Խանբեգյանին.

— Ո՞նց թե խելքից հանել, խազեին: Երեխեք ե՞ն։ Մենք ամենքս մեկ ենք։

— Լավ։ Չի լինի՞, որ չգնաք։

Բանվորը ժպտաց.

— Ո՞նց կըլի, խազեին ջան, համքարութին ա։

— Բայց գործը թողնել չի լինի, չէ՞։

— Դե ի՞նչ անենք, խազեին ջան, էս մի օրն ա, է՛լի ամեն օր խո մեռել չի պատահում։ Պտի յոլա տանենք։ Էն խեղճն սկի կուբոն (դագաղը) վե քաշող էլ չունի։

— Շատ լավ։ Չի լինի՞, որ ամենքդ չգնաք, այլ մի քանի մարդ ղրկեք ձեզանից։