Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/568

Այս էջը հաստատված է

ասաց նա և դարձավ բանվորին.— շուտով գնացեք, որ շուտով վերադառնաք։

Բանվորը դուրս գնաց։

Խանբեգյանը դարձավ կառավարչին.

— Ստեփան Գերասիմիչ, հարկ չկար այդ բանն իսկույն ասելու։ Ես զարմանում եմ, որ մինչև այժմ չսովորեցիք նրանց հետ վարվելու կերպը։ Դուք նրանց զոռով սոցիալիստ եք դարձնում։

— Ախր, Սերգեյ Պետրովիչ, դուք չգիտեք, թե ի՛նչ լիրբ ու զզվելի...

Խոսքը չվերջացավ կառավարչի բերանում. ներս մտավ նույն բանվորը ուրիշ երկու բանվորների հետ, և երեքն էլ մի րոպե լուռ կանգնած մնացին դռան մոտ մի տեսակ անհամարձակ ժպիտ դեմքերին։

— Էլ ի՞նչ կա,— հարցրեց Խանբեգյանը, դառնալով առաջվա բանվորին, որն իրեն Բախշո Նախշունով անվանեց։

— Մենք ուզում ենք խնդրենք ձեզ,— ասաց Բախշոն,— որ դուք էլ, Ստեփան Գերասիմիչն էլ ու սրանք ամենքն էլ,— ցույց տվեց գրասենյակի բոլոր ծառայողներին,— շնորհ անեք գաք։

— Թե ի՞նչ,— զարմացավ Խանբեգյանը։

— Լազաթ կըլի։

Խանբեգյանը դեմքը խոժոռեց։

— Դե, այդ արդեն...

Ուզում էր ասել լրբություն է, բայց զսպեց իրեն, դեմքը շուռ տվավ ու ասաց առարկություն չվերցնող հանգիստ տոնով.

— Դուք գնում եք` գնացեք, իսկ կանտորը փակել չի կարելի, հազար ու մի գործ կա։

— Չէ, խազեին ջան, ընչի՞ եք...

— Դե բավական է,— հանկարծ բռնկեց Խանբեգյանը այլևս չկարողանալով զսպել իրեն,— ես չեմ սիրում ավելորդ խոսակցություն։ Չէ մի, սև դրոշակ էլ կախենք ֆաբրիկի գլխին։

Բախշոն ու երկու ընկերները սուս ու փուս դուրս գնացին։ Ժպիտը չքացել էր նրանց դեմքից։

— Իսկապես լիրբ և անամոթ ժողովուրդ,— ասաց Խանբեգյանը