Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/570

Այս էջը հաստատված է

ջարդված տուփեր։ Գամփռ շունը, բակի մեջտեղ նստած, ահանգիստ գլուխն առջևի երկու թաթերի վրա դրած, տաքանում էր գարնան արևի ախորժելի ճառագայթների տակ։

— Ստեփան Գերասիմիչ,— ասաց Խանբեգյանը, դիմելով կառավարչի հետ դեպի բակի դուռը՝ գամփռ շան սև ու խոշոր աչքերի ուղեկցությամբ,— այդ պահանջը, որ ասում եք... ի՞նչ եք կարծում, ագիտատոր չկա՞ մեջները։

Այս խոսքերի հետ կանգ առավ և նայեց կառավարչի աչքերին։

— Պետք է որ լինի,— պատասխանեց կառավարիչը վարանելով։— Մեկի վրա կասկած ունեմ և կարծում եմ, որ կասկածս անհիմն չպիտի լինի։ Քիչ ու շատ ինտելիգենտ է, լրագիր է կարդում, մնացածները բոլորը կինտոներ են։ Չի խմում։ Այսօրվա դեմոնստրացիան էլ պետք է որ նրա սարքածը լինի։ Երեկ փող էր հավաքում, որ պսակ դնեն մեռելի վրա։

Խանբեգյանը, մտախոհ, մի «հըմ» արեց և շարունակեց քայլել դեպի բակի դուռը։

— Մտածում եմ մի հնար գտնել, որ կրճատեմ նրան, Սերգեյ Պետրովիչ,— շարունակեց կառավարիչը, հետևելով նրան։— Դուք ի՞նչ խորհուրդ կտաք։

Խանբեգյանը իսկույն չպատասխանեց։

— Չէ,— ասաց հապաղելով,— առայժմ սպասեցեք, բայց լավ հետևեցեք։ Ես կուզեի տեսնել՝ ինչ տեսակ մարդ է։

— Վաղը որ գաք, ցույց կտամ:

Բակի դռան մոտ բաժանվելիս Խանբեգյանը դարձավ կառավարչին.

— Բայց ձեզ նորից խորհուրդ եմ տալիս, Ստեփան Գերասիմիչ, նպաստավոր հող չստեղծել այդ ագիտատորի համար։ Մինչև անգամ վատ չի լինի, որ, եթե ուշ չէ, մի պսակ ուղարկեք այն բանվորուհուն դագաղի վրա դնելու գործարանի անունից։

— Դուք կարծո՞ւմ եք։

— Այո։ Մի քանի ռուբլին չնչին բան է, բայց դրանով կարող ենք բանվորության սիրտը շահել։ Առանց այն էլ, երևի, հայհոյում են մեզ, որ մերժեցի թաղմանը գնալ։