Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/573

Այս էջը հաստատված է

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քնքուշ լարեր»

«Քնքուշ լարերը» Նար֊Դոսի առաջին վեպն է, տպագրվել է 1887 թվականին, «Նոր դարում»։ Ձեռագիրը չի պահպանվել։

Վերահրատարակվում է Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակությունից սկսած։

«Զազունյան»

«Զազունյան» վեպը տպագրվել է 1890 թվականին, «Նոր դարում»։ Երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը պատրաստելիս հեղինակը էական վերամշակման է ենթարկել այն և դրել Երկերի Ժողովածուի երկրորդ հատորում։

Առհասարակ Նար-Դոսի ստեղծագործական աշխատանքի պրոցեսը ճանաչելու, այն ուսումնասիրելու համար «Զազունյանի» ստեղծագործական պատմությունը ևս հետաքրքրական օրինակ է։ Բավական է ասել, որ վեպի զանազան մշակումների ընթացքում փոխվել են նրա մի շարք հերոսների անունները, իսկ մինչև «Զազունյան» վերջնական խորագիրը, վեպն ունեցել է «Երազ», «Գորդյան հանգույց», «Խախուտ հիմք», «Հերոս», «Քչերից մեկը» խորագրերը։

«Պայքար»

«Պայքար» վեպի ամենավաղ ձեռագիրը վերաբերում է 1897 թվականին։ Այստեղ կա նաև 1898 թվականի ձեռագիր։ Նախապես վեպը ունեցել է «Երկու բևեռի միջև» խորագիրը։ Այդ ձեռագիր երկու տարբերակներն էլ անավարտ են։

Նար-Դոսի արխիվում կան այդ վեպի երկու ուրիշ ձեռագրեր ևս, որոնցից մեկը գրվել է 1901 թվականին, մյուսը՝ 1902 թվականին։ Դրանք, որ վեպի հետագա մշակումներն են, ունեն «Մանե» խորագիրը՝ գլխավոր հերոսուհու անունով։ Այդ տարբերակում փոխված են վեպի մի քանի գլխավոր հերոսների անունները։ Այսպիսով, այդ վեպը 1902 թվականին արդեն պատրաստ է եղել տպագրության։ «Պայքար» խորագիրը վեպին տրվել է հետագայում։

«Պայքար» վեպի պատմությունը ևս ստեղծագործական համառ որոնումների պատմություն է։ Այնտեղ նորն ու էականը վեպի վերջավորությունը գտնելն է։ Հետաքրքրական ու ուսանելի է այս կապակցությամբ Նար-Դոսի խոստովանությունը վեպն ավարտելու շրջանում, 1901 թվականին գրած մի նամակում. վեպի «վերջավորությունը մի քիչ չեմ հավանում,— գրում է Նար-Դոսը,— և դեռ հաստատապես չեմ վճռել, թե ինչպես վերջացնեմ։ Ասենք, բոլոր վեպերիս մեջ սա իմ ամենամեծ ցավն է եղել— վերջավորությունը»։