Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Այս էջը հաստատված է

տեսնում է, որ ամենադառը կերպով սխալվել է յուր հույսերի մեջ— արդեն ուշ է. փայփայած, երես առած սերը անում է յուրը, պահանջում է յուրը, և նրան հակառակ գնալ— շա՛տ ու շա՛տ դժվար․․․

Այլապես անկարելի էր, որ իշխանուհի Մելիքյանի նման հրաշալի գեղեցկության տեր մի կինը, որ ամեն ժամանակ այդպիսի դեպքերում հաջողություն է գտել, մեկին հավանելով, սիրելով նրան— կարողանար գեթ մի վայրկյան կասկածել, որ փոխադարձություն չէր կարող ստանալ և ավելի— սիրած մարդու կողմից միայն համառ անտարբերության կարող էր հանդիպել։ Այդ բանը, գոնե յուր վերաբերությամբ, նա անկարելի էր համարում, ինչպես անկարելի է, որ իսկական մագնիսը չկարողանա քաշել դեպի ինքն ուրիշ մետաղներ։ Բացի դրանից, ինչպես յուր անձնական փորձերից, նույնպես և յուր կարդացած ռոմաններից նա այն հաստատ համոզմունքին էր հասել, որ ամեն անգամ հաղթող է հանդիսանում կինը, գեղեցկությունը, որ ոչինչ ուժ աշխարհիս մեջ դրանց առաջն առնել կարող չէ։ Տակավին ո՛չ մի փորձ, կրկնում ենք, նրան հակառակը չէր ցույց տվել, տակավին ո՛չ մի ռոմանի մեջ նա չէ պատահել մի այնպիսի սիրային արկածի, ուր կինը, գեղեցկությունն անտարբերությամբ անցնվեր, հաղթահարվեր տղամարդի կողմից... Իսկ ա՞յժմ։— Այժմ նա պարզ կերպով տեսնում էր, որ այդ բանումն էլ բացառություններ կարող են լինել, որ աշխարհումս դեռ կարող են գտնվել մարդիկ, որոնք կարող են ընդդիմանալ կնոջ և գեղեցկության։ Բայց ո՛րքան բարձր, ո՛րքան գովելի է այդ բացառությունը, նույնքան ողորմելի են այն մարդիկ, որոնք կնոջ առաջ գետին են ընկնում։ Այս վերջին կարգի մարդիկ այժմ նրա աչքում մի֊մի թզուկներ, մի֊մի չնչին արարածներ էին թվում, որոնց յուր մի հայացքով միայն կարողանում էր յուր հլու հպատակն, յուր ստրուկն դարձնել։ Նա փոքր առ փոքր հրաժարվում էր նրանց մարդ անվանելուց, նրանց մեջ մի որևիցե ուժ ճանաչելուց։ Հարունյանին աչքի առաջ ունենալով, այդ մարդկանց ուժը, հետզհետե չնչին ու չնչին երևալով, հասնում էր զրոյի, որին հաղթելու յուր նման մի գեղեցիկ