Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

և լաց եղել, իմ տանջանքս կրկնապատկվել է... Անթիվ անգամ, գիշերային լռության մեջ, չեմ կարողացել քնել, ինձ թվացել է, թե լսում եմ ձեր ձայնը. ձեր ձայնը, որպես մի դյութիչ, երկնային մեղեդի, որ թափանցել է մինչև սրտիս ամենամութ խորշերը, որտեղից և դուրս է խլել հառաչանքներ, դեռ չլսված սիրո անվերջ, դառը հառաչանքներ, իսկ աչքերիցս՝ դեռ չտեսած արցունքի խոշոր կաթիլներ, որոնցից ամեն մեկի մեջ դարձյալ և դարձյալ ձեր անգին, սիրակաթ պատկերն եմ տեսել... իշխանուհի՛, երկնայի՛ն արարած, ահա այժմ ես ընկած եմ ձեր առաջ, դուք կարող եք ինձ իսկույն ևեթ ոտի տակ տալ ինչպես մի չնչին արարածի, ինչպես մի մրջյունի, և ես շշունջ անգամ չեմ հանիլ... Բայց ես հուսով եմ, որ դուք վերջապես կխղճաք ինձ— այս թշվառ, այս անբախտ արարածիս և չեք խորտակիլ իմ տանջված սիրտը... Փոխադարձությո՜ւն, իշխանուհի, փոխադարձությո՜ւն․․․

Իշխանուհին կանգնած էր անշարժ, որպես արձան։ Նա չէր նայում Պետրովին, այլ նրա աչքերը սևեռած էին սենյակի մութ անկյունին։ Պետրովի տեղ յուր առաջ չոքած նա երևակայում էր պարոն Հարունյանին, նրա ձայնի տեղ — պարոն Հարունյանի ձայնը— և նա յուր համար ևս անզգալի կերպով սկսում էր փոքր առ փոքր ինքնամոռացության մեջ ընկնել։ Այնքա՜ն սքանչելի, այնքա՜ն հոգեզմայլ էին թվում նրան այն խոսքերը, որ լսում էր նա այդ ժամանակ... Այդ այն խոսքերն էին, որ նա վաղուց փափագում էր լսել Հարունյանի բերանից և գիտեր, թե այդ ինչ խոսքեր էին... Պետրովը, տեսնելով իշխանուհու հոգեզմայլ ինքնամոռացությունը, առավել ևս խրախուսվում էր, կարծելով, թե արդեն սկսել է գրավել նրա սիրտը դեպի ինքը, և առավել ևս մեղմացնում էր յուր ձայնը, որպեսզի ավելի լավ ազդեն յուր խոսքերը նրա վրա։ Յուր վերջին խոսքերի հետ նա կամաց առավ նրա ձեռքը, իշխանուհին նույն ինքնամոռացության մեջ այդ թույլ տվավ նրան, կարծելով, թե յուր ձեռքը առնում է Հարունյանը. բայց երբ յուր աչքերը անկյունից դարձրեց առջևը չոքած մարդու վրա, մի ակնթարթում նա հիասթափվեց, ճանաչեց յուր առջև չոքած մարդուն և իսկույն ևեթ զզվանքով, արհամարհանքով խլելով յուր ձեռքը