որի մեջ գտնվում էին հոտավետ ծաղիկների գրեթե բոլոր տեսակները։ Քարե սանդուղքով պարտեզից կարելի էր բարձրանալ դեպի լայն պատշգամբը, ուր շարված էին հարյուրավոր մեծ ու փոքր ծաղկամաններ, որոնց մեջի բույսերը, ծաղիկները ներկայացնում էին ավելի սքանչելի, ավելի հոտավետն, ավելի հազվագյուտը։ Իշխանուհի Մելիքյանի միլիոնատեր հայրը, լինելով ինքն ամեն բանի գեղեցիկը, կատարյալը սիրող մի մարդ, ոչինչ ջանք չէր խնայել յուր այդ դաստակերտն, ուր ամեն ամառ անց էր կացնում յուր ընտանիքով, ամեն կողմից շքեղացնելու, կատարյալը դուրս բերելու համար։ Ամբողջ տասը տարի էր անցել այն ժամանակվանից, ինչ որ իշխանուհի Մելիքյանը չէր տեսել այդ դաստակերտը, իսկ այժմ, երբ այդքանամյա բացակայությունից հետո նա գալիս է ամառն այդտեղ անցկացնելու, նրան նույնությամբ է գտնում, ինչպես էր և յուր հոր կենդանության ժամանակ։ Այդ դաստակերտը հենց սկզբից, հիմնվելու օրից, հանձնված էր շինական մի բարի մարդ ու կնոջ, որոնք ամեն օր բարեխղճությամբ կատարում էին իրենց պարտականությունը և ստանում ծառայության վարձը՝ պարոնի կենդանության ժամանակ— պարոնից, իսկ նրա մահից հետո— իշխանուհի Մելիքյանից։
Հարունյանների հետ պատահած անցքի գիշերը իշխանուհի Մելիքյանը բոլորովին մենակ նստած էր չուգունե ոտերավոր և հղկած գեղեցիկ նստարանի վրա։
Գիշերն ամառային ամենասքանչելի գիշերներից մինն էր, այն գիշերներից, որոնք լինում են միայն ամառանոցներում։ Լիալուսինը հանդարտ սահում էր կապույտ երկնքի վրայով, ինչպես մի առագաստանավ անհուն, խաղաղ ծովի վրա։ Նա քմահաճությամբ մերթ թաքնվում էր սև փոքրիկ ամպերի տակ, որոնց անձև կողքերը միայն լուսավորվում էին հրաշալի արծաթագույնով և, մերթ դուրս գալով, շարունակում էր յուր օդային ճանապարհը։ Ամենահանդարտ կերպով փչում էր գիշերային կենսատու զեփյուռը, տարածելով ողջ պարտեզի մեջ հոտավետ ծաղիկների անուշ բուրմունքը։ Շուրջը տիրում էր խորին լռություն։ Լսվում էր միայն ծառերի տերևների հանդարտ խշխշոցը, որպես խորհրդավոր