Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

ի վեր նրա բոլոր մտածության առարկան էր դարձել, չտալով նրան հանգիստ՝ ոչ տիվ և ոչ գիշեր։

Նա մտածում էր Հարունյանի վրա։ Այո՛, Հարունյան, Հարունյան, որպե՜ս անմիտ, ո՜րպես անզգա և կույր ես դու, որ չես կարողանում տեսնել այդ մարմնացած աստվածային գեղեցկությունն և սառնասրտությամբ հրում ես նրան մի կողմը։ Տե՜ս, ո՜րպիսի հուսահատ ինքնամոռացությամբ դա գալիս է դեպի քո գիրկն և հոգով ու մարմնով կամենում է անձնատուր լինել քեզ.․․ Մի՞թե մի որևիցե ամենախիստ պարտաճանաչությանը, ամենախիստ հավատարմության ուխտին զոհում են մի այդպիսի գեղեցկություն, որի մեջ միայն գտնվում է քաղցրագույնը բոլոր քաղցրությունների մեջ... Անմի՜տ, ժողովի՛ր խելքդ, բացի՛ր աչքերդ և տե՛ս այդ կնոջը, որ այնպես ողորմելի կերպով քեզանից գթություն է հայցում։ Նա սիրում է քեզ, սիրում է հոգու բոլոր ուժերով, բոլոր զորությամբ, և այդ սերն անդադար աճում է, աճում է և նրան երբե՛ք հանգիստ չէ տալիս։ Նա պատրաստ է քեզ աստվածացնելու, երկրպագելու, պաշտելու քեզ, միայն սիրի՛ր նրան, սիրի՛ր նրան... Այդ երկար ժամանակից ի վեր փափագած սիրուն նա կտա յուր հոգու, յուր սրտի ամենանուրբ, ամենանվիրական տեղն և անդադար, օրնիբուն գուրգուրելով, փայփայելով կբարձրացնե նրան մինչև երկինքը, և՝ սիրո կրակով վառված՝ այդ անսավառնելի բարձրությունից առ ոչինչ կհամարե աստվածների երջանկությունը․․․ Նրա սիրատենչ, խանդակաթ գրկի մեջ դու մանուկ կդառնաս և կմոռանաս քո թշվառ գոյությունը, կմոռանաս այս աշխարհն՝ յուր անվերջ ծանր հոգսերով․․․ Այնուհետև դու կընկնես մի տեսակ տենչանաց, հեշտալից աշխարհ, ուր մարդ ճաշակում է դրախտին փոխարինած մոգական քաղցրությունը․․․ Ա՜խ, սիրի՜ր․․․ սիրի՛ր...

Հանկարծ նրա գլխի վերևը հաստաբուն և բարձրակատար ծառի ճյուղերի մեջ լսվեց ինչ֊որ խշխշոց, որը խիստ կերպով խանգարեց գիշերային շրջապատող խորին լռությունը։ Այդ ձայնից նա ցնցվեց ամբողջ մարմնով և, դուրս գալով յուր արբեցյալ դրությունից, նայեց շուրջը։ Նրա բոլորովին գունատված դեմքն արտահայտում էր անզգայականություն,