Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է
ԺԲ
ՎԵՐՋԻՆ ԵՎ ՍՈՍԿԱԼԻ ՊԱՏԵՐԱԶՄ

Հետևյալ օրը գրեթե կեսօր էր, երբ նա վեր կացավ։ Տակավին ոչ մի ժամանակ նա իրեն այնպես ուժասպառ ու տանջված չէր զգացել, որպես այդ օրը։ Գիշերվա արհավիրքը սաստիկ ազդել էր նրա ջղերի վրա։ Յուր ողջ կյանքի մեջ այդ առաջին անգամն էր, որ մի այդպիսի զարհուրելի գիշեր էր անցկացնրւմ և այն էլ բոլորովին անսպասելի կերպով։ Նա ինքն էլ զարմանում էր, թե ինչպես էր եղել, որ մտածությունը բոլորովին խլել էր նրա ուշքն ու միտքն, և երևակայությունը հափշտակել էր նրա բոլոր գոյությունն յուր մոգական աշխարհի մեջ։ Նա մի առ մի հիշում էր գիշերի երևույթները, որոնք սաստիկ ազդել էին նրա ուղեղի և սրտի վրա։ Այդ մերթ քաղցր, թովիչ, մերթ տխուր ու զարհուրելի երևույթները ներկայացնում էին նրա ողջ կյանքը սկսած մանկությունից մինչև նույն րոպեն։ Այդ երևույթներն անցնում էին նրա աչքերի առաջով, որպես խավարային պատկերներ՝ իրենց կարգով ու արագությամբ։ Նրանցից ամեն մեկն ստիպում էր նրան ապրել յուր մեջ և զգալ միևնույնն, ինչ որ յուր ժամանակին նա զգացել էր իրականապես։— Եվ այդ բոլորի պատճառն էր մի նոր, թարմ, բայց հուսահատ զգացմունք— սերը, որ կլանել էր նրա բոլոր գոյությունը։ Այդ զգացմունքը— սերը առավել բորբոքվել էր բնության գիշերային թովիչ սքանչելիությունից, որ շատ բնական է և, բարձրացնելով յուր անզուսպ կրքերը, պահանջում էր յուրը․ իսկ նրան մերժում էին։ Այդ մերժումը նա չէր կարողանում տանել, որովհետև յուր պահանջի մեջ էր գտնում նա յուր գոյության հենարանն ու յուր կերակուրը, որ պիտի տար նրան նոր ուժ անշեջ մնալու։ Այդ պահանջի մեջ էր տեսնում նա այն աստվածային երջանկություններից երջանկագույնը, որի նմանն յուր ողջ կյանքի մեջ տակավին չէր զգացել։ Եվ այդ պատճառով նրա անհույս սերը, կարծես, հենց դրա համար էր ստիպում նրան անցնել յուր աչքերի առաջով յուր անցյալ կյանքի պատկերը, որպեսզի այդ կյանքի մեջ համեմատություն դներ և