Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Այս էջը հաստատված է

տեսներ, զգար, որ, այո՛, այն ժամանակ նա երբե՛ք սիրելիս չէ եղել՝ այդ բառի բուն նշանակությամբ, որ այն ժամանակ նրա կյանքն անցնելիս է եղել դատարկ, միայն ամենաչնչին կրքերով։

Նա այլևս ոչինչ չուզեց հիշել․ նրա գլուխը բորբոքվում էր։ Շալն անփույթ կերպով գցելով մերկ ուսերի վրա, նա մոտեցավ բաց լուսամուտին։ Մեղմ, սառը հովը դրսից շոյեց նրա դեմքն, և նա, ազատ, լի կրծքով շունչ առավ։ Պարտիզում, ծառերի տակ, աշխատում էր ծեր պարտիզպանը։ Ծերերին հատուկ ուրախ և բարակ ձայնով նա քթի տակ երգում էր, երևի, յուր անցյալ և ներկա հանգիստ, խաղաղ կյանքը։ Ծառերի վրա ճլվլում էին թռչունները․ երջանիկ էին թռչունները, երջանիկ էր և ծերոնին, բայց երջանիկ չէր նա, որ յուր և ամենքի կարծիքով ուներ երջանկություն ձեոք բերելու բոլոր առանձնահատկությունները։ Առհասարակ այդպես է․ մարդս, բոլոր հույսը դնելով յուր մի որևէ առանձնահատկության վրա, կարծում է, մինչև անգամ հավատում, որ անպատճառ կհասնի յուր ցանկալի նպատակին․ բայց պատահում է, և շատ անգամ, որ այդ նրան չէ հաջողվում զանազան արտաքին, նրանից կախում չունեցող հանգամանքներից, որոնց մասին նա առաջ բնավ չէր մտածել կամ առ ոչինչ էր համարել— այդտեղից երևում է ահա մարդուս անխոհեմությունն ու անհեռատեսությունը։ Մարդս իրավունք չունի անպայման հավատալու յուր ուժերին՝ այն պարզ հիման վրա, որ մինչև անգամ ամենամոտիկ ապագան տակավին վարագուրված է նրա աչքերից, և ամեն բան աշխարհիս մեջ փոփոխության անխուսափելի օրենքին է մատնված, հետևապես՝ ապագան կարող է ավելի մեծ ուժեր ծնել, քան նա ունի այժմ, և այսօրվա հաղթելի համարածը վաղը հաղթող հանդիսանալ։ Անպայման հավատը երկու աչքով կուրություն է, և շատ անգամ նրա հետևանքները վատ են լինում։ Եվ այժմ իշխանուհին ո՛րքան սխալված էր համարում իրեն, որ անպայման կերպով հավատում էր յուր գեղեցկությանը․․․

Դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամուտի մոտ՝ նա նայում էր ծեր պարտիզպանին, որ առանց նրան տեսնելու՝ շարունակում էր յուր գործն երգելով։ Այդ ժամանակ