Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Այս էջը հաստատված է

հետո։ Կատվի հաղթությունը ոչինչ է, ամենասովորական բան, առյուծի հաղթությունը— մեծ է․ այդ ցույց է տալիս նրա ուժի գերակշռությունը մյուս առյուծի ուժից։— Ուրեմն, ողորմելի՛, դու մինչև այժմ կատու ես եղել, որովհետև գործ ես ունեցել միշտ մկների հետ. բայց ի՞նչպես ես կամենում պատերազմել դու ինձ— առյուծիս հետ, դու— որ առյուծ չես...»։

«Օ՜, ես այժմ առյո՜ւծ եմ, առյո՜ւծ,— հանկարծ աղաղակեց նա կատաղի ձայնով, որ կարծես իսկապես առյուծ լիներ, և արագությամբ մոտեցավ հայելուն։— Այո՛, առյո՜ւծ այժմ և կամենում եմ պատերազմել իբրև առյուծ, պատերազմել և հաղթե՜լ, հաղթել անպատճառ և ընկած պատիվս նորից կանգնեցնել... Օ՜, պատի՜վս... պատի՜վս․․․»։

Շալն ընկել էր նրա ուսերից, հարուստ մազերը բոլորովին արձակ և անկարգ կերպով թափվել էին նրա մերկ ուսերի վրա, և նա կանգնած էր հայելու առաջ, որպես մի վրիԺառու Մեդեա՝ պահպանողական խրոխտ դիրք բռնած, արյունով լցված աչքերով և մերկ, սարսափելի ալեկոծվող կրծքով։ Յուր գեղեցիկ սպիտակ ատամները նա սեղմել էր միմյանց, իսկ ձեռքերով, կարծես, կամենում էր մեկին պատառ֊պատառ անել։

Սակայն շուտով անցավ նրա այդ անզուսպ կատաղությունը։ Նրա ձեռքերը թուլացան, իսկ գլուխը խոնարհվեցավ փոքր առ փոքր հանդարտվող կրծքի վրա։ Անզուսպ կատաղությունը տարավ նրա բոլոր ուժերը, որպես փոթորիկը քշում է յուր հետ ճանապարհի վրա եղած֊չեղածը։ «Ողորմելի՛ արարած», շշնջաց նա և ուժից բոլորովին ընկած, նույն դրությամբ, բայց օրորվելով, մոտեցավ փափուկ բազկաթոռին և ծանր կերպով ընկավ նրա մեջ։ Նրա գեղեցիկ աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին և իսկույն, որպես փայլուն գոհարներ, գլորվեցան նրա այտերի վրայով։ Նա դեմքը ծածկեց կռների մեջ և մնաց այնպես։

Երբ նա գլուխը բարձրացրեց, նրա դեմքի վրա այլևս կատաղության ոչ մի հետք չկար, նա ստացել էր զարմանալի խոնարհ արտահայտություն, ինչպես սոսկալի փոթորիկին հաջորդող հանդարտ օրը։ Թաց աչքերի մեջ նկատվում էր զարմանալի հեզություն։ Բնությունը արտահայտել