Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Այս էջը հաստատված է

— Երդվում եմ, տիրուհի, որ դուք չափազանց գեղեցիկ եք... դուք ամենագեղեցիկն եք բոլոր կանանց մեջ...

— Վերջին անգամն եմ ասում, ուղիղն ասա, ապա թե ոչ իսկույն քեզ կվռնդեմ։

Աղախնի աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։

— Ես ի՞նչ մեղք ունեմ, որ դուք ինձ հավատալ չեք կամենում,— ասաց նա դողդոջուն ձայնով։

Իշխանուհին հայելու միջից տեսավ նրա արտասուքն ու լռեց։ Աղախինը շարունակեց սանրել։

— Բավական է,— ասաց վերջապես իշխանուհին։— Այժմ ժապավենով մազերս թույլ կապիր և դուրս գնա, ինձ համար թեյ պատրաստիր։

Աղախինն հանգստացավ, կատարեց նրա այդ հրամանն էլ և դուրս գնաց։

Իշխանուհին ետ ընկավ աթոռի մեջքի վրա, ձեռքերը ծալեց կրծքի վրա և դարձյալ սկսեց յուր գեղեցկության վրա քննական աչքով նայել։ Ո՛չ յուր աչքերն են խաբում իրեն և ո՜չ աղախինն էր ստում— նա գեղեցիկ էր, նա գեղեցկուհիների թագուհի կարող է կոչվել, նա Աստղիկ էր։ Մի քանի րոպե դեռ նա ակամայից ինքն էլ հրճվում էր յուր գեղեցկությամբ, ինչպես մի երեխա յուր նոր զգեստի վրա։ Հանկարծ ինչ-որ շանթի նման ցցվեցավ նրա ուղեղի և սրտի մեջ, և նա, որպես մի կատաղի գազան, իսկույն վեր թռավ տեղից այնպես, որ աթոռը, որի վրա նստած էր, մի քանի քայլ ետ գլորվեցավ։

Եվ այսպիսի մի գեղեցկություն արհամարհո՞ւմ է մի պարոն Հարունյան։ Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան,— կանչեց նա այս անգամ արդեն կատաղությունից իրեն բոլորովին կորցնելով։— Ես քեզ կպատժեմ, պարոն Հարունյան, սոսկալի կերպով կպատժեմ․․․ Արհամարհել ի՞մ գեղեցկությունը․․․ օօօ՜, ես ամեն բան թույլ կտամ, բայց այդ— երբեք, աստված է վկա— երբե՛ք․․․ Ես տակավին մեռած չեմ․․․ ես կրում եմ իմ անունս, իմ պատիվս․․․ Օ՜, դու կարծում ես, որ ես մի րոպե, մի վայրկյան անգամ կարո՞ղ եմ հանգստանալ, մինչև չտեսնեմ քեզ ոտներիս տակ ընկած և հանդիսավոր կերպով ոտնակոխ չանեմ քեզ— քո բոլոր պաշտած սկզբունքներդ, որոնց դու պինդ կպել