Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

ես... ես քեզ կստիպեմ, կստիպեմ... ես քեզ խելագարության կհասցնեմ, ես ուղեղիդ, սրտիդ մեջ կխփեմ այն մոգական թույնը, որից ոչ մի մարդ տակավին ազատված չէ․․․ Ես քեզ հավիտյան կկորցնեմ... Օ՜, ես այդ կանեմ, կանեմ, թեկուզ ինքը՝ դժոխքն իմ առաջս կանգնի...

Եվ որպես կատաղած գազան վանդակի մեջ՝ նա, ատամները կրճտացնելով, այս ու այն կողմ էր վազում սենյակի մեջ։ Այդ վերջին և ամենասոսկալի պատերազմն էր, որ կատարվում էր նրա մեջ։ Վրեժխնդրության արյունը հասել էր կոկորդին, և յուր անելիքը նա արդեն հաստատապես վճռել էր։

Այդ միջոցին մտել էր աղախինն և՝ զարմացած ու վախեցած, կանգնած դռների մոտ՝ նայում էր, թե ի՛նչպես յուր տիրուհին, առանց նրան տեսնելու, սենյակում, կատաղած այս ու այն կողմն էր վազում։ Նա ուզում էր խոսել։ Բայց չէր համարձակվում բերան բանալու։ Վերջապես, տեսնելով, որ նրա կատաղությունը չէր հանդարտվում, և նա շարունակում է այս ու այն կողմը վազել, նա սիրտ առավ և ասաց․

— Տի՛րուհի, ո՞րտեղ կհրամայեք թեյ շնորհել։

Իշխանուհու կատաղությունն այնքան սաստիկ էր, որ նա ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում։ Աղախինն այս անգամ մի քայլ առաջ գնաց և կրկնեց յուր հարցը, բայց առաջվանից փոքր-ինչ բարձր։ Իշխանուհին տեսավ նրան և կանգնեց նրա առաջ։

— Ի՞նչ ես ուզում,— կանչեց նա՝ հառելով նրա վրա յուր աչքերը։ Նրա կոպերն ու շրթունքները սաստիկ դողում էին։

Աղախինն երեքկնեց յուր հարցը՝ դողալով նրա կատաղի, արյունով լցված աչքերից։

— Պարտիզում... ո՛չ, պատշգամբում, և դո՛ւրս կորիր։

Աղախինը՝ բոլորովին զարմացած, ապշած՝ իսկույն դուրս գնաց։ Յուր տիրուհուն այդ դրության մեջ նա առաջին անգամն էր տեսնում։

Իշխանուհին մոտեցավ հայելուն։ «Օ՜, գեղեցկությո՜ւն — կնոջ միակ զե՜նք,— կանչեց նա նրա մեջ նայելով,— ժողովի՛ր բոլոր ուժդ, բոլոր մոգական դյութություններդ․ իմ