Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Այս էջը հաստատված է

պատերազմս սոսկալի՜ է լինելու։ Ես կամենում եմ հաղթե՜լ, անպատճառ հաղթե՜լ... Եվ այնուհետև բոլոր աշխարհը, բոլոր մարդկությունը ոտիս տակն է»... Եվ որպես հպարտ թագուհի, սեգ քայլերով նա դուրս գնաց պատշգամբն և նստեց նախապատրաստած աթոռի վրա՝ փոքրիկ սեղանի առաջ։ Աղախինն իսկույն արծաթյա մատուցարանի վրա մոտ բերեց թեյ ու պաքսիմատ և, դնելով սեղանի վրա, հեռացավ։

Իշխանուհին սկսեց մտածել, թե ի՛նչպիսի իրագործում տա յուր վճռին։ Այնպես պետք է բանը բերել, որ մի անգամ Հարունյանը բոլորովին մենակ գա յուր մոտ, յուր տուն, և ինքը յուր միակ զենքով— գեղեցկությամբ հանե նրան խելքից— ահա նրա վերջին հուսահատական վճիռը։ Բայց ի՞նչպես։ Հրավիրե՞ միայն նրան։ Բայց նա մինչև անգամ կնոջ հետ չէ կամենում նրան այցելել, ո՞ւր մնաց բոլորովին մենակ. բացի դրանից մի՞թե այդ առանձին հրավերի նպատակը նրան պարզ չի լինիլ. իսկ նա հենց այդպիսի բաներից է, որ երկյուղ է կրում։ Հետո, կինն ի՞նչ կարող է մտածել այդ մասին... Ո՛չ, առանձին հրավիրել նրան անկարելի է և անիրագործելի։ Ուրիշ հնար է պետք։ Հարունյանն այնպես պետք է գնա նրա մոտ, նրա տուն, որ նա այդ ինքն էլ չիմանա— միակ բանը, որով հասած կլինի յուր նպատակին։ Այո՜, Հարունյանը բոլորովին չպիտի կասկածի, թե ինչու ինքը մենակ, առանց կնոջ ընկերակցության, գնում է իշխանուհու տուն։ Բայց այդ ի՞նչպես անե— ահա որտեղ է կայանում խնդրի դժվար լուծումը: Խո կարող չէ՞ նրան կախարդել։ Ուրիշ ի՞նչ հնար կա...

Իշխանուհին ընկավ խոր մտածության մեջ։ Նա մոռացել էր, որ առջևը թեյ կար դրած և սառչում էր. մոռացել էր և ամեն բան։

Հանկարծ մի ակնթարթում նրա դեմքը փոխվեցավ և, աչքերը հառած մի կետի, կամաց-կամաց անզգայաբար բարձրացավ տեղից, մի րոպե մնաց այդպես անշարժ և հանկարծ աղաղակեց.

— Գտա՜, գտա՜...

«է՛վրիկա, է՛վրիկա», միևնույն կերպով աղաղակեց և Արքիմեդն յուր նշանավոր գյուտի րոպեին։