Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Այս էջը հաստատված է

Հանկարծ անծանոթ գեղեցկուհին դեմքը դեպի նրանց դարձրեց, և նրա հայացքը հանդիպեց տիկին Հարունյանի հայացքին։ Նրանք սկսեցին անխոս և անթարթ նայել միմյանց դեմքին, մանավանդ առաջինը, որի դեմքը հետզհետե հետաքրքրական արտահայտություն էր ստանում։ Տիկին Հարունյանն ուղղակի նայում էր նրա աչքերին, որոնք, կարծես, նրան ծանոթ էին թվում, նրա մեջ ինչ-որ մութ հիշողություն էին զարթեցնում։ Մինչ նա ամեն կերպ աշխատում էր յուր այդ հիշողության վրա լույս ձգել, անծանոթ գեղեցկուհին, պենսնեն մի քանի անգամ աչքերին մոտեցնելուց հետո, վեր կացավ և մոտեցավ նրան յուր օթյակի մեջ, հարցրեց ժպտալով․

— Ներեցե՛ք ինձ, դուք իմ ծանոթս գալիս եք, ես ձեզ մեկի նմանությանն եմ տալիս և չգիտեմ արդյոք դուք նա՞ եք, թե իմ աչքերս են միայն ինձ խաբում... կբարեհաճեի՞ք արդյոք կասկածս փարատել, հայտնելով ինձ ձեր անունը։

Այն եղանակը, որով նա մի առանձին արագախոսությամբ արտասանեց այդ բառերը, և ընտիր ձևերը, որ գործ դրեց այդ բառերը արտասանելիս— իսկույն ցույց էին տալիս, որ նա հասարակ մարդու կին չէր, կամ հասարակ տեղերում չէր մեծացել, և որ նա յուրացրել էր բարձր շրջանի բոլոր ձևերը։

Տիկին Հարունյանը փոքր-ինչ շփոթվեց այդ արիստոկրատ գեղեցկուհու պատկառելի անձնավորության առաջ, բայց շուտով իրեն հավաքելով, պատասխանեց նույնպես ժպտալով․

— Նունե Հարունյան։

— Նո՞ւնե․․․ Հարունյա՜ն,— արտասանեց իսկույն անծանոթ գեղեցկուհին առաջին բառը շուտ, իսկ երկրորդն՝ երկարացնելով և մի տեսակ զարմացական և հարցական եղանակով, որի ժամանակ նա աչքերը կիսախփեց և սկսեց ավելի խոր նայել նրան։— Նունե Հարունյա՞ն, թե Նունե Ազարյան։

— Ա՜խ, դուք չեք սխալվում,— շտապով պատասխանեց նրան Նունե Հարունյանը, միևնույն ժամանակ զարմանալով, թե որտեղից գիտե այդ անծանոթ տիկինն յուր ազգանունը։—