Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

— Ի դեպ, պարոն Պետրով. ի՞նչպիսի մարդ եք գտնում դուք Արմենակի եղբորը— պարոն Հարունյանին։

— Նա ձեր բարեկա՞մն է, իշխանուհի,— հարցրեց Պետրովը, կարծես թե չկամենալով ուղղակի և միանգամից ասել այն, ինչ որ պետք է ասեր։

— Այսինքն՝ ի՞նչպես թե բարեկամը. նա միայն իմ վաղեմի ընկերուհուս ամուսինն է... Ես նրա համար եմ հարցնում ձեր կարծիքը նրա մասին, որովհետև ես նրան բավական..․ օտարոտի մարդ եմ գտնում։

— Նա ոչ թե օտարոտի է, իշխանուհի, այլ, ուղղակի ձեզ ասեմ, հիմար, և բավական չէ, որ նա հիմար է, այլև վերին աստիճանի տգետ ու անտաշ։ Ես այդ շատ բանի մեջ նրան նկատել եմ․ նրա հետ վիճաբանել եմ․ օրինակ, կնոջ մասին ընդհանրապես նա մի այնպիսի կարծիք է հայտնում, որ վայրենի մարդն անգամ չի հայտնիղ...

— Բայց ի՞նչ կարծիք է հայտնում նա կնոջ մասին,— շուտով և հետաքրքրությամբ հարցրեց իշխանուհին։

— Նա ասում է, որ տղամարդը կնոջը չպետք է պաշտի, երկրպագի, նրա ստրուկը չպետք է դառնա, այլ պետք է աշխատի նրան երես չտալ և չնստեցնել գլխին, որովհետև, ասում է, այդ բոլորից մեծ վնասներ են առաջանում, հա՜, հա՜, հա՜... Իհարկե, նա այդպես չէր ասում, բայց նրա ասածներից ամեն մեկն այդ պետք է եզրակացներ։

— Մի՞թե նա այդպիսի բաներ է ասում...

— Եվ այդ ձեզ ծիծաղելի չէ՞ թվում, իշխանուհի... Եվ ի՞նչ եք կարծում՝ մի՞թե մի այդպիսի միտք հայտնողը հիմար, տգետ ու անտաշներից մեկը չպետք է լինի։ Այսքա՜ն տեղեր ես եղել եմ, այսքան մարդիկների հետ ես հարաբերություն եմ ունեցել, բայց ոչ մի տեղ և ոչ մեկից մի այդպիսի ծիծաղելի ու հիմար կարծիք չեմ լսել կնոջ մասին, կնոջ, որ ինքնըստինքյան տղամարդն աստվածն ու կյանք տվողն է։

Եվ Պետրովը դարձյալ սկսեց փառաբանել կնոջը, ցույց տալ, թե կինն ինչ նշանակություն ունե տղամարդի համար և վերջինս ի՜նչպես պետք է վերաբերվի դեպի նա, և այդ բոլորը միևնույն կերպով, ինչպես և Հարունյանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Իշխանուհին նրան չէր