Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է

Աղախինը ոչինչ չէր հասկանում նրա ասածներից։ Իշխանուհին խոսում էր՝ ոչ թե մտածելով Մարիայի և նրա կեղծ սիրահարի մասին, այլ յուր և Հարունյանի մասին։ Նա սկսեց Մարիայի սիրահարից և հետո, նրան բոլորովին մոռանալով, նրա մեջ երևակայեց Հարունյանին և այդպես էլ վերջացրեց։ Լինում են մարդիկ, գլխավորապես վրեժխնդիր, գոռոզ, եսամոլ մարդիկ, որոնք, տեսնելով ուրիշի դրության մեջ մի որևիցե, թեկուզ չնչին նմանություն իրենց դրության հետ, որ նրանց մտածության առարկան է դարձած, դեռ սկսում են խոսել նրա մասին, հետո, փոքր առ փոքր, իրենք համար ևս անզգալի կերպով, նրան մոռանալով, սկսում են մտածել և խոսել իրենց դրության, իրենց անելիքի մասին։

Իշխանուհին խոսում էր գրեթե անզգայաբար աղախնի ձեռքն յուր ձեռքի մեջ սեղմելով և երբեմն նայելով նրա աչքերի մեջ, որի համար նա թեքում էր գլուխը դեպի նրա դեմքը, երբեմն էլ յուր գեղեցիկ աչքերը շրջելով այս ու այն կողմը։

Հանկարծ այդ ժամանակ դիմացը, հեռուն, նա նկատեց Հարունյան ամուսիններին, որոնք՝ թև-թևի տված՝ հանդարտ գալիս էին դեպի իրենց կողմը։ Նրա դեմքն իսկույն պայծառացավ և նա, չտեսնելուն տալով նրանց, շարունակեց յուր զրույցը՝ նայելով աղախնուն, իսկ աչքի տակով— Հարուրյաններին։ Նա կամեցավ՝ խոսելով յուր աղախնի հետ՝ անցնել նրանց մոտից և ձայն չհանել, իբրև թե նրանց բոլորովին չէ տեսնում․ իսկ նա համոզված էր, որ Հարունյանները կտեսնեն իրեն և անպատճառ կխոսեն յուր հետ։ Ըստ երևույթին, նա խոսում էր աղախնի հետ, բայց իսկապես նա մտածում էր, թե ինչպես հանդիպի նրանց, և այդ պատճառով նրա խոսակցությունից ոչինչ միտք չէր դուրս գալիս։

— Այո՛, Մարիա,— ասում էր նա,— այդպես են, իհարկե, մարդիկ․․․ ամեն բան այդպես է․․․ Դու շատ գեղեցիկ ես, Մարիա․․․ հո գիտես, որ ես քեզ սիրում եմ․․․ այնպես չէ՞․․․ Դու ևս սիրում ես ինձ, թշվառական․․․ Ես քեզ կսովորեցնեմ, Մարիա, թե ինչպես պետք է վարվել ինձ․․․ մարդիկների հետ... Այն ողորմելին չգիտե, որ ինքն էլ միևնույն փայտից է տաշված, ինչպես և ուրիշները․․․ Նա չափազանց