Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

հատու և ուժեղ շեշտերով։ Նրա դժգույն դեմքի մկանունքները ձգձգվում էին։ Նա արագացրել էր քայլերը և առաջվա նման չէր նայում Եվային։

Իսկ Եվան վեր էր կացել և մնացել էր արձանացած։ Նա պարզապես ապշել էր, որովհետև երբեք Աշխենին չէր տեսել այդպես տաքացած։ Երբ Աշխենը լռեց, նա դեռ երկար ժամանակ կանգնած էր նույն դրության մեջ, կարծես սպասելով, որ հորեղբոր աղջիկը դեռ պիտի շարունակի իր ասելիքը։

— Աշխեն, լսիր ինչ եմ ասում,— վերջապես ասաց նա, տեսնելով, որ Աշխենն այլևս ոչինչ չի ասում և ջղային քայլերով շարունակում է անցուդարձ անել սենյակի մի անկյունից մյուսը։— Տեսնում եմ, որ մի բան ուզում ես ասել, բայց չես ասում։ Միտքդ ի՞նչ է. պարզ և ուղղակի ասա։ Դու գիտես, որ ես միշտ հետևում եմ քո խորհուրդներին։ Եթե գտնում ես, որ ես պարազիտից և ծախու ձիուց ավելի մի բան չեմ և անարժան քույր եմ եղբորս համար, սովորեցրու, թե ինչով կարող եմ արժանի լինել նրան։

— Միայն դու չես, ես է՛լ անարժան եմ նրան... ե՛ս առավելապես...

— Լավ, ինչո՞վ կարող ենք արժանի լինել նրան։

— Նրանով, որ մենք էլ գնանք նրա ընտրած ճանապարհով։

— Այսի՞նքն։

— Չգիտեմ... Միայն թե այսպես ապրել այլևս անկարելի է։ Պետք է ամենից առաջ վերջ տալ այս ձրիակերությանը, պետք է թողնել այս անօգուտ, այս վատ կյանքը, որի մեջ փտում ենք անգործությունից։ Պետք է բան անել, պետք է գործ շինել, օգուտ պետք է տալ հենց թեկուզ մեր խղճի հանգստության համար...

— Ես ամեն բանի պատրարստ եմ։ Բայց ասա, ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել։

Աշխենը հանկարծ կանգ առավ և նայեց Եվային տարօրինակ հայացքով, հետո մոտեցավ և առավ նրա ձեռքերը:

— Ներիր, սիրելիս, եթե մի քիչ խիստ խոսեցի։ Բայց ես խոսում էի գլխավորապես իմ մասին։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անենք և ինչ կարող ենք անել,— այդ մասին այս րոպեիս ոչինչ չեմ կարող ասել: