Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/103

Այս էջը հաստատված է

իրավունք չունի. իսկ այնուհետև վկայականներդ կուղարկենք Էջմիածին և այնտեղ ցանկի մեջ կմտցնեն։

— Բայց չի՞ ուշանալ առաջնորդից իրավունք ձեռք բերելը:

— Ասացի, որ մի օրում կարելի է: Այդ կողմից անհոգ կաց։ Թեմական տեսուչն այստեղ է. ես ինքս կխնդրեմ, որ միջնորդի։ Նա ինձ հետ լավ է։ Դու ուրիշ բան ասա։

— Հետո այս էի ուզում հարցնել։ Վարո։ Ի՞նչ ես կարծում, ես... կարո՞ղ եմ արդյոք... ծառայել այն գործին, որին վճռել եմ ինձ նվիրել։

— Այդ դու ինձանից ավելի լավ պետք է գիտենաս, սիրելիս, էլ ինձ հարցնելդ ավելորդ չէ՞։

— Չէ։ Քեզ հարցնում եմ, որովհետև դու փորձված ես և ճանաչում ես ինձ։ Գուցե իմ մեջ կա այնպիսի մի պակասություն, որ ես չեմ տեսնում, բայց դու կարող ես նկատած լինել իբրև դիտող։ Ուսուցչությունն առհասարակ ինձ չափից դուրս դժվար և պատասխանատու պաշտոն է ներկայանում, որին չեմ կարող թեթևությամբ վերաբերվել։ Այդ պատճառով խիստ անվստահ եմ... վախենում եմ, որ ոչինչ չկարողանամ շինել և ամոթահար մնամ Մինասյանի առաջ։ Այդ բանը պարզապես անտանելի կլինի ինձ համար, որովհետև ես հիվանդության չափ ինքնասեր եմ... Ահա այս մասին է, որ Մինասյանին խոսք տալուց առաջ ուզում եմ իմանալ քո կարծիքը։

— Իմ կարծի՞քը։ Իսկույն կասեմ,— ասաց օր. Սահակյանը, դատարկելով սուրճի մնացորդը։— Փորձառությունից, իհարկե, շատ բան է կախված, բայց ո՞ր ուսուցիչը կամ ուսուցչուհին կրթական ասպարեզ է մտել հենց սկզբից փորձված։ Ոչ ոք։ Մեկն էլ դու այդպիսիներից, չնայելով որ ուսուցչական ասպարեզում կարելի է քեզ մասամբ փորձված համարել, քանի որ դու ահա քանի ժամանակ է, որ մասնավոր դասերով ես պարապում, իսկ չէ՞ որ այդ էլ այսպես թե այնպես նշանակություն ունի ապագա գործունեությանդ համար։ Այդպե՞ս է, թե ոչ։

— Ճշմարիտ է։ Այս րոպեիս հինգ աշակերտուհի ունիմ, որոնց հետ ամեն օր պարապում եմ։ Հենց սկզբից ուշադրությունս դարձած է եղել այն բանին, որ նրանց տարբեր