Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/106

Այս էջը հաստատված է

թեմական տեսչի և առաջնորդի մոտ, վկայականներդ կներկայացնենք, ուսուցչության իրավունք կստանանք քեզ համար, հետո մյուս օրը կամ չորրորդ օրը,— այդ քեզնից և Մինասյանից կլինի կախված,— կնստեք երկաթուղի և ճանապարհ կընկնեք։ Այս է։

— Խոսքով ի՜նչ հեշտ է շինվում ամեն բան,— ծիծաղեց Աշխենը։

— Անվստահներն են միայն, որ գործով էլ ոչինչ չեն կարողանում շինել։

Օր. Սահակյանը մինչև ուսումնարանի բակի դուռը ճանապարհ ձգեց Աշխենին, բակում էլի երկար խոսելով նրա հետ։

15

Այդ գիշեր բավական ուշ էր, որ Աշխենն օր. Սահակյանի տնից վերադարձավ իրենց տուն։ Նա մտավ իր սենյակը, շտապով մոտեցավ Եվայի սենյակի դռան, բաց արեց և ներս նայեց։

— Դեռ քնած չե՞ս, Եվա,— հարցրեց ուրախ ձայնով։

Եվան նստած էր սեղանի մոտ և լամպի լույսի տակ գլխագրեր էր կարում թաշկինակի վրա։

— Մի քիչ էլ, որ ուշ գայիր, ավելի լավ կանեիր,— ասաց նա չոր-չոր, առանց գլուխը կարի վրայից բարձրացնելու։

— Ի՞նչ անեմ, սիրելիս, ուզում էի վաղ գալ, բայց Վարոն զոռով պահեց ընթրիքի։

Այս ասելով, Աշխենը գլխարկը վերցրեց, վերարկուն հանեց, մտավ Եվայի սենյակը և նստեց նրա մոտ ժպտուն աչքերով։ Պարզ երևում էր, որ նա արտասովոր ուրախ տրամադրության մեջ է։

— Ի՞նչ ջանասեր աղջիկ ես. ամենքը քնած են, իսկ դու դեռ նստած կարում ես։ Երևի ինձ էիր սպասում, հա՞։

Եվան չպատասխանեց. նա գլուխն ավելի կախեց կարի վրա։ Նրա կենտրոնացած հայացքից և սառն դեմքից երևում էր, որ նեղացած է Աշխենից։

— Եվ դու չվախեցար այս կեսգիշերին մենակ գալ,— նկատեց նա հանգիստ։