Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

դեմքն այնքան մոտեցրեց նրա դեմքին, որ նրանք զգում էին իրար շնչառությունը։

— Շատ կարելի է, իմ անգին, իմ աննման Եվա,— շշնջաց նա.— բայց մի՞թե այդպիսի խելագարությունն արժանի չէ խրախուսանքի:

— Խելագարությունն առհասարակ կարեկցության է արժանի,— վրա բերեց Եվան,— բայց քո խելագարությունը... Դու չպե՛տք է գնաս, հասկանո՞ւմ ես, թե ոչ,— հանկարծ կանչեց նա բարկությամբ և ոտը պինդ խփեց հատակին։ Նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին։

Աշխենն այս անգամ թողեց նրա իրանը, ժպիտը չքացավ դեմքից։

— Մի՞թե կատակ չես անում, Եվա,— հարցրեց նա զարմացած։

— Ամենևին միտք էլ չունեմ կատակ անելու, քանի որ ինքդ կատակ չես անում։

— Հապա երեկ գիշերվա մեր խոսակցությունը...

— Այո՛, երեկ գիշերվա մեր խոսակցությունն այն մասին չէր, որ դու փախչես այստեղից, որ ինձ... մենակ թողնես։ Դու... դու անգութ ես։ Դու ինձ երբեք չես սիրել... այժմ էլ չես սիրում։ Այո՛, չես սիրում։

Եվան այլևս չկարողացավ զսպել իրեն, նա դարձավ աթոռի վրա, գրպանից հանեց թաշկինակը, սեղմեց աչքերին և հեկեկաց։

Որքան էլ որ անակնկալ չէր Աշխենի համար Եվայի այդ վարմունքը, այնուամենայնիվ սկզբում նա սառած մնաց։

— Դու ինձ խիստ զարմացնում ես, Եվա։ Բոլորովին չեմ հասկանում, թե այդ ի՞նչ բացատրություն ես տալիս վճռիս և... լաց ես լինում։ Դա արդեն երեխայություն է։

— Իհարկե, երեխայություն կլինի, քանի որ դու ինձ միշտ երեխա ես համարել։ Ուզում ես ինձ հավատացնել, թե սիրում ես ինձ, մինչդեռ, ընդհակառակը, միշտ սառն ես վարվում ինձ հետ... Եվ ոչ միայն ինձ, այլև... հայրիկի հետ... մայրիկի հետ։ Կարծես թե օտար լինես մեր տանը, կարծես թե մենք քեզ...