Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է

աշխատեց թրքված ապակու միջից դուրս նայել դեպի կայարանը, սակայն ոչինչ չտեսավ, բացի վառ լապտերների շաղ անցած լույսից և մի քանի մարդկանց ուրվագծերից, որոնք շտապով այս ու այն կողմն էին անցնում։ Կայարանում տիրում էր կատարյալ անդորրություն։ Երևում էր, որ քամին ու անձրևը եթե ոչ դադարել, գոնե մեղմացել էին: Լսվում էր միայն շոգեմեքենայի փշշոցը և վագոնների անիվներին խփած մուրճի հարվածների ձայնը, որ խու; արձագանք էր տալիս ամայի կայարանի մեջ:

Շահյանը պինդ կոլոլվեց իր ձմեռվա վերարկուի մեջ, գլխարկը նորից ցած քաշեց մինչև ականջները, ձեռները կոխեց վերարկուի թևերի մեջ և կուչ եկավ նստարանի անկյունում։


2

Թրջված անձրևակալը ձեռին, վերարկուի օձիքը բարձրացրած և աներևակայելի ցեխոտ երկարաճիտ կոշիկներով ներս մտավ մի պարոն — նոր ուղևոր։ Արագությամբ աչքի անցնելով վագոնում նստողներին և անձրևակալը դնելով դռան մոտ, նա նստեց Շահյանի դիմացի նստարանի վրա։ Նա հասակն առած մարդ էր, համակրելի, ուրախ դեմքով և փոքր-ինչ դուրս ցցված փորով։ Անձրևը բավական թրջել էր նրան։ Նա վերցրեց գլխարկը, դրեց կողքին, վեր կացավ, վերարկուն հանեց, կախ արեց, դիտեց իր ցեխոտ կոշիկները, ոտները թափ տվեց և, թաշկինակով սրբելով քրտնած ճակատն ու ճաղատ ծոծրակը, նորից նստեց։

Շահյանը առանց դիրքը փոխելու, ոչխարի աչքերով մի անգամ միայն նայեց նրան և նորից սկսեց նիրհել։

Նոր ուղևորն ուշադրությամբ դիտեց նրան և շարունակեց սրբել ճակատը, ծոծրակն ու վիզը:

Շոգեմեքենան սուլեց, և գնացքը շարունակեց առաջ շարժվել։ Շահյանը մի անհանգիստ շարժում գործեց և նստեց ուղիղ։ Նոր ուղևորի հարևանությունը սկսել էր խանգարել նրան իր նիրհը շարունակելու։

— Չեք կարողանում քնել, հա՞,— դիմեց նրան նոր ուղևորը քաղցրությամբ ժպտալով։