Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/111

Այս էջը հաստատված է

— Այո՛, սիրուն, խելացի, մեծ երեխա, որի աչիկները կուզեի այս րոպեիս համբուրել։

— Խնդրեմ, թո՛ղ այդ փաղաքշական խոսքերը,— զայրացած կանչեց Եվան։

— Մի նեղանար, սիրելիս, նեղանալով ու զայրանալով բան չենք հասկացնիլ իրար։ Ավելի լավ է նստենք և հանգիստ խոսենք։ Նստիր։

Աշխենը համարյա բռնի կերպով նստեցրեց Եվային և ինքը նստեց նրա մոտ։

— Ամենիր առաջ քեզ մի բան ասեմ, Եվա ջան, չնեղանաս։ Դու եսասիրության նշաններ ես ցույց տալիս. ուզում ես, որ փեշս փեշիդ կարեմ և չբաժանվեմ քեզնից միմիայն նրա՛ համար, որ առանց ինձ չես կարող դիմանալ։ Այդ նշանակում է, որ ես պետք է քեզ համար զոհաբերեմ ոչ թե միայն ինձ, իմ ձգտումները, իմ կամքը, այլև այն գործը, որին հույս ունիմ գեթ մազի չափ օգուտ տալու։ Կուզե՞ս, որ այդպիսի բան անեմ։ Իհարկե, ոչ։ Բացի դրանից մարդուն արդեն խոսք եմ տվել, այժմ մերժե՞մ, և կուզե՞ս, որ մերժեմ։ Իհարկե, ոչ։ Ասում ես, թե քեզ չեմ սիրում։ Կարո՞ղ ես կրկնել այդ խոսքերը ձեռքդ խղճիդ վրա դրած։

Եվան նստած էր լուռ և աչքերը խոնարհած. նա պարզապես ճնշված էր Աշխենի կտրուկ խոսքերի ազդեցության տակ։

— Ինչ վերաբերում է այն բանին, թե ես միայն իմ մասին եմ մտածել և քեզ մոռացել, այդ բանումն էլ սխալվում ես, Եվա ջան։ Ինչպե՛ս կարող էի քո մոռանալ երեկ գիշերվա խոսակցությունից հետո։ Միայն այժմ չթողեցիր, որ քո անելիքի մասին էլ խոսեմ։ Դու էլ ես գործ ուզում։ Շատ բարի։ Ահա՛, թե դու էլ ինչ կարող ես անել։ Իմ գնալուց հետո վերցրու իմ աշակերտուհիներին և իմ տեղ դու դաս տուր նրանց։ Դու այդ կարող ես, որովհետև թեև փորձված չես, բայց շատ շուտ կարող ես փորձվել, եթե գործին սիրով կպչես, որի մասին տարակույս չունիմ։ Նրանք բոլորն էլ, ինչպես գիտես, շատ աղքատ ծնողների զավակներ են, և ես նրանցից ոչ թե միայն ոչինչ չէի առնում, այլև չէի խնայում ունեցածս նրանց տալու։ Արա դու նույնը, ինչ որ ես էի անում, և կտեսնես, որ մի բարի գործ կատարած կլինես։ Բայց եթե այդ բանը քեզ չնչին է