Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

երևում, կարող ես մի ուրիշ շատ օգտակար գործ էլ կատարել։ Մենք շատ ծանոթ ընտանիքներ ունինք, որոնց աղջիկները, որոնք քո մոտիկ ընկերուհիներն են, ոչ թե միայն զուրկ են հայկական կրթությունից, այլև հազիվ հայերեն խոսել ու կարդալ գիտեն։ Հավաքիր հայությունից խորթացած այդ հարուստ աղջիկներին, շաբաթը մի կամ երկու անգամ գրական երեկույթի պես մի բան սարքիր, կարդա նրանց մոտ հայերեն գրքեր, տուր այդ գրքերից, որ իրենք էլ կարդան, ծանոթացրու նրանց մեզ հուզող ազգային-հասարակական խնդիրների հետ, խոսեցեք, վիճեցեք... մի խոսքով՝ արա ինչ որ կարող ես, որպեսզի օտար ոգով կրթված այդ ապագա հայ մայրերի մեջ հայության, ազգային ինքնաճանաչության կայծ վառվի։ Մի սերմ, մի հատիկ սերմ էլ բավական է, որ ձգես նրանց մեջ, և այնուհետև հավատացած եղիր, որ այդ սերմն երբեք ապարդյուն չի անցնիլ, ինչքան էլ փոքր, աննշան լինի։ Դա շատ էլ փոքր գործ չէ, եթե կարողանաս գլուխ բերել։ Բայց ես համոզված եմ, որ կարող ես, որովհետև նրանք ամենքն էլ սիրում են քեզ և սիրով էլ կընդունեն քո առաջարկը։ Քեզ բավական կնպաստի այն հանգամանքը, որ նրանք տգետ չեն, և վերջին ժամանակներս մեր կյանքում երևան եկած շարժումներն անշուշտ փոքրիշատե հետաքրքրություն են զարթեցրել նրանց մեջ։ Այս է իմ կազմած ծրագիրը քեզ համար: Հավանո՞ւմ ես։

Եվան իսկույն չպատասխանեց։ Նրա դեմքը խիստ լուրջ արտահայտություն էր ստացել։

— Այդ բոլորը լավ ես մտածել,— ասաց նա։— Միայն... այսպես հանկարծ, այսպես անպատրաստ... Ես ի՞նչ գիտեմ, որ ինչ սովորեցնեմ։

— Ուրեմն դու ինձ չհասկացար, Եվա ջան։ Ես խո չեմ ասում, որ կանոնավոր դասընթացներ սարքիր, դասախոսություններ արա։ Իհարկե, դու այդ չես կարող անել։ Եվ թույլ էլ չեն տալ։ Բայց խո կարո՞ղ ես հայերեն պարզ գրել-կարդալ սովորեցնել, խոսել նրանց հետ հայերեն, օգնել նրանց իրենց չհասկացածը հասկանալու, ծանոթացնել նրանց մեր գրականության, մեր մամուլի, մեր գործիչների հետ։ Վերջապես, գործն ինքը ցույց կտա, թե ինչ կարող ես անել և