Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/113

Այս էջը հաստատված է

ինչ պետք է անել։ Փառք աստծո, խոսել գիտես և սիրում ես, ինքդ խիստ հետաքրքիր ես և բնատուր ընդունակություն ունիս գրավելու։ Սրանք այնպիսի առավելություններ են, որոնցով դու հրաշք կարող ես գործել քո շրջանում։ Այժմ հասկացա՞ր ինձ, Եվա ջան։

Եվան նստած էր լուռ։ Նրա կենտրոնացած հայացքից երևում էր, որ նրա մտավոր աչքերի առաջ հանկարծ բացվել է մի հորիզոն այնքան ընդարձակ, այնքան նոր ու գրավիչ, որ վախենում է մինչև անգամ հեռու նայել չշշմելու համար։ Եվ երբ Աշխենը կրկնեց իր վերջին հարցը, նա ասաց կարծես ինքն իրեն.

— Զարմանալի է, ինչո՞ւ այդ բանն իմ գլխովս չի անցկացել մինչև այժմ։ Ես խո այդ կարո՛ղ էի անել։

16

Չնայելով օր. Սահակյանի և Մինասյանի աշխատանքին, այնուամենայնիվ համարյա մի շաբաթ տևեց, մինչև որ Աշխենը ստացավ ուսուցչության իրավունք։

Եվան հորն ու մորը հայտնել էր Աշխենի որոշումը, առանց սպասելու, որ Աշխենն ինքը հայտնե նրանց։

Մարությանը, որ շատ լավ էր ճանաչում եղբոր աղջկա բնավորությունն ու գաղափարները, այնքան էլ չզարմացավ։ Բայց Թեկլեն սկզբում ապշեց, հետո խիստ զայրացավ։

— Ինչպե՞ս,— բացականչեց նա.— նա վճռել է ուսուցչուհություն անել և այն էլ գյուղո՜ւմ... Գժվե՞լ է, ի՛նչ է, թե մեզ է ուզում խայտառակել։ Ով լսի, ի՞նչ կասի։ Հացի ու ջրի կարո՞տ է մնացել, որ այդպիսի միջոցների է դիմում։ Տուն չունի՞, տեղ չունի՞, չենք պահո՞ւմ, դուրս ենք անո՞ւմ, որ ուզում է վարձկան վարժուհի դառնալ։ Տե՛ր աստված, այդ աղջիկը խելքը կորցրել է բոլորովին։

— Բարկանալդ ավելորդ է, Թեկլե,— նկատեց ամուսինը հանգիստ։— Ավելի լավ է...

— Դո՞ւ ինչ ես ասում, չեմ հասկանում,— նրա վրա էլ բարկացավ Թեկլեն։— Օրը ցերեկով ուզում են մեր անունը խաղք ու խայտառակ անել, և դու ուզում ես, որ չբարկանամ էլ։ Ի՞նչ կասեն, որ էգուց էլօր ամենքը վեր կենան ու